Թբիլիսյան հարթակն առանց Արևմուտքի վտանգ է. փորձագետներ

Թբիլիսիում քննարկում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեի օրեր առաջ Բաքվում արած հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափի մշակում է առաջարկել։ Փորձագետներն ասում են՝ այս փուլում, երբ «Վրացական երազանք»-ը բացեիբաց բռնապետության ուղղությամբ է շարժվում, թբիլիսյան հարթակը չի բխում ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի շահերից:

Ըստ փորձագետների՝ թբիլիսյան հարթակը Վրաստանի և Հայաստանի շահերից կբխի միայն այն դեպքում, երբ Վրաստանում լինի արևմտամետ իշխանություն, քանի որ միայն Արևմուտքը կարող է բալանսավորել Թբիլիսի-Երևան-Բաքու ձևաչափը. այլ դեպքում՝ Թբիլիսին ուժ չունի բալանսավորելու, հետևաբար՝ կսպասարկի ռուս-թուրքական շահերը:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ թբիլիսյան հարթակի ստեղծումը ռուս-թուրքական նպատակ և քայլ է, որը ցանկանում են ստեղծել Վրաստանին օգտագործելով:

Թումասյանի դիտարկմամբ՝ սրա նպատակն է արևմտյան հարթակները՝ Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակները, փոխարինել Թբիլիսիով, որը կարծես «չեզոք» հարթակ է, բայց իրականում Թբիլիսին չեզոք հարթակ չէ, սպասարկում է թուրք-ռուսական շահերը: Փորձագետը պնդում է՝ թբիլիսյան հարթակը կարող է բխել Թբիլիսիի շահերից, եթե Վրաստանը լինի Արևմուտքի դաշնակիցը:

«Քանի որ Վրաստանը հակաարևմտյան ուժ է, սա չի բխում Վրաստանի շահերից, որովհետև Վրաստանն այդքան քաղաքական կշիռ չունի, որպեսզի բալանսավորի Հայաստանին ու Ադրբեջանին: Ընդհակառակը, այս եռյակում ամենահզորն Ադրբեջանն է ստացվում, Վրաստանն առանց Արևմուտքի կշիռ չունի: Երբ բանակցություններ են անցկացվում Վաշինգտոնում կամ Բրյուսելում, Ադրբեջանը շատ ավելի զսպված է, քանի որ դիմացը նստած է ավելի ուժեղ և արժեքներ ունեցող պետություն. իսկ Վրաստանի արժեքն այսօրվա իշխանությունների օրոք ո՞րն է, ի՞նչ արժեքներ ունի: Ապագայում, երբ իշխանությունում լինեն պետականամետ ուժեր, Վրաստանը, իհարկե, կկարողանա լինել հարթակ», — ասաց Թումասյանը:

Թումասյանն ընդգծեց՝ Վրաստանի այսօրվա իշխանությունների օրոք թբիլիսյան հարթակը չի սպասարկի ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի շահերը:

«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի անդամ, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր, վերլուծաբան Լելա Ջեջելավան «Վրացական երազանք»-ի «խաղաղության նախաձեռնություններն» անհասկանալի որակեց: Ըստ նրա՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ցանկանում հարթակ դառնալ երկու հակամարտող հարևանների համար` այն դեպքում, երբ լեգիտիմություն չունի, իսկ երկրում ամիսներ շարունակ խոր բևեռացում է:

Ջեջելավան նկատեց՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դեպի Արևմուտք ինտեգրացիան և ԱՄՆ-ի հետ ստորագրած ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, այլ իրականություն է ստեղծում տարածաշրջանի համար:

«Ցավալի է, որ «Վրացական երազանք»-ի քաղաքական կուրսի փոփոխության պատճառվ կորցնում ենք այն պատմական հնարավորությունը, որ կարող էինք (Վրաստանը և Հայաստանը- հեղ.) միասին լինել միևնույն քաղաքական վեկտորի շուրջը: Ցավոք, այս փուլում սա անհնար է, բայց վստահ եմ՝ երբ նոր ընտրություններ անցկացվեն Վրաստանում, և իշխանությունը փոխվի, այդ հնարավորության պատուհանը նորից կբացվի», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Ջեջելավան:

Ջեջելավան վստահ է՝ Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո նոր թարմություն կհաղորդվի ինչպես Վրաստան-Հայաստան հարաբերություններին, այնպես էլ եռակողմ՝ Թբիլիսի-Երևան-Բաքու հարթակի նոր հնարավորություներ կբացվեն:

Նշենք, որ 2020 թվականի ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո պաշտոնական Թբիլիսին բազմից հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի համար հարթակ հանդիսանալու առաջարկությամբ: Մասնավորապես, տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) 2021 թվականին կայացած առաջին նիստին Վրաստանը չմասնակցեց, մերժեց այդ նախաձեռնությունը, փոխարենը ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման բանակցությունների և քննարկումների համար հարևաններին շարունակում էր առաջարկել իր հարթակը, անգամ՝ նույն տարվա ամռանը ԱՄՆ-ի մասնակցությամբ միջնորդել է 15 հայ գերիների վերադարձը Հայաստան` Ադրբեջանի կողմից վերահսկվող ականապատ տարածքների քարտեզների դիմաց:

Հենց այդ ժամանակ, երբ Թբիլիսին Արևմուտքին կողքին էր, փորձագետները դրական էին գնահատում թբիլիսյան հարթակի ստեղծումը, ասում էին՝ դրական նախադեպ են համարում «3+3» հարթակը «Թբիլիսյան»-ի վերափոխելու հնարավորությունը: