Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին բանտում տեսակցել է «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին, տեղեկացրել է օմբուդսմենի գրասենյակը։
«Հանրային պաշտպանը հուսով է, որ Քութաիսիի վերաքննիչ դատարանը հաշվի կառնի դատարանի ընկերոջ կարծիքում (նկատի ունի օմբուդսմենին — հեղ.) ներկայացված հանգամանքները և անհրաժեշտության դեպքում կքննարկի Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ համաչափ և արդարացված խափանման միջոցի կիրառումը», — ասված է հաղորդագրության մեջ։
Իոսելիանին հայտարարել է, որ վերաքննիչ դատարանը կարող է ազատազրկումից «ավելի մեղմ որոշում» կայացնել։
Իրավաբանների կարծիքով՝ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադրի նկատմամբ մեղադրանքն ու խափանման միջոցն իրավական տրամաբանությունից դուրս են. դրանք անարդար են ու չհիմնավորված։ Իսկ Ամաղլոբելիի ապտակը ոստիկանին` չի կարելի հարձակում համարել։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 7 տարի ժամկետով։
Այսօր՝ հունվարի 21-ին, Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակավ իր աջակցությունն է հայտնել Ամաղլոբելիին։