Երեկվա օրը համառոտ. հունվարի 17

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջարկել է Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ մշակել։

Ադրբեջանի իշխանությունները Վրաստանին են փոխանցել Բաքվի կենտրոնում գտնվող մոտ 3,5 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածք` դեսպանատան նոր շենքի կառուցման համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և նշել՝ ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Վրաստանի խաղաղ քաղաքացիների, այդ թվում՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ բռնությունները։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ​​նախագահ Ջիմ Ռիշը վրաստանյան քաղաքական զարգացումների շուրջ հարցազրույց է տվել. ամերիկացի քաղաքական գործիչն իր հիասթափություն է հայտնել երկրում առկա ճգնաժամի շուրջ՝ աջակցություն հայտնելով վրաց ժողովրդին, որ անդադար պայքարում է եվրոպական ապագայի համար։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։

Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ քննարկում կանցկացնի Վրաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում նշում են, որ կանգնած են խաղաղ ցուցարարների կողքին։

Վրաստանյան ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեի խոսքով, իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին փորձել է կապ հաստատել իրենց հետ, սակայն ստացել է պատասխան՝ «գործարք չի լինի»։

Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հունվարի 16-ին հրապարակած տարեկան զեկույցում ընդգծում է անցյալ տարի ընդունված «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ «գործակալների օրենք»-ը, իրավապահների անպատժելիության խնդիրը և կառավարության արձագանքը քննադատողներին ու ցուցարարներին խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո։

Վրաստանի Զուգդիդի քաղաքում հունվարի 16-ին բերման ենթարկված ուսուցչուհի Մանանա Միքավան մի քանի ժամ անց ազատ է արձակվել։ Նա բերման էր ենթարկվել հրավառություն օգտագործելուց հետո։ Միքավայի խոսքով՝ ստորագրությամբ են ազատ արձակել:

Բաթումիում Սամտրեդիայի քննչական մեկուսարանից ազատվելուց անմիջապես հետո ձերբակալվել է դրոշակակիր Գափփար Իլմազը, նույն ինքը՝ Թեմուր Քաթամաձեն, որ եվրոպամետ ցույցերի մասնակից է։

Վրաստանի հավաքականի և իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի խաղացող Խվիչա Կվարացխելիան «Նապոլի»-ին հրաժեշտ տվեց «Մարադոնա» մարզադաշտից՝ տեսաուղերձով: