Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջարկել է Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ մշակել։ Այդ մասին նա հայտարարել է Բաքվում՝ ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ հանդիպմանը։
Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը Բաքու է մեկնել՝ մասնակցելու վրաց-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին։ Հանդիպման ընթացքում վարչապետները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները՝ կարևորելով դրանց դրական դինամիկան։
Ադրբեջանի վարչապետը շնորհավորել է Կոբախիձեին 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքներն արտացոլում են վրաց ժողովրդի կամքը։
Կոբախիձեն Ասադովի հետ հանդիպումն արդյունավետ է գնահատել։
«Ընդգծվել է առևտրատնտեսական, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Մեր ռազմավարական գործընկերությունը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կայունության և մեր գործընկերների համար անվտանգ հարաբերությունների ապահովման գործում»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Բաքու այցը Կոբախիձեի առաջին արտասահմանյան այցն էր ընտրություններից հետո։ Այցի շրջանակներում Կոբախիձեն կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։