Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հունվարի 16-ին հրապարակած տարեկան զեկույցում ընդգծում է անցյալ տարի ընդունված «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ «գործակալների օրենք»-ը, իրավապահների անպատժելիության խնդիրը և կառավարության արձագանքը քննադատողներին ու ցուցարարներին խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո։
«Վրաստանը զգալիորեն հետընթաց է ապրել մարդու իրավունքների հարցում 2024 թվականին», — գրել է Human Rights Watch-ը:
Կազմակերպությունը կենտրոնանում է հավաքների և արտահայտվելու իրավունքը սահմանափակող երկու «ռեսպրեսիվ» օրենքների վրա՝ «գործակալների օրենք»-ը և հակաԼԳԲՏ օրենքը:
Կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարի «ոստիկանությունը բազմիցս չափից ավելի ուժ է կիրառել հիմնականում խաղաղ ցուցարարների դեմ»։
«Ցուցարարների դեմ անհիմն կիրառվել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ: Ոստիկանները ծեծել, հետապնդել և բերման են ենթարկել խաղաղ ցուցարարներին։ Ենթադրվում է, որ նրանց ծեծին մասնակցել են իշխանության հետ կապված բռնի խմբերը: Բողոքի ակցիային մասնակցող մի քանի հարյուր մարդ ձերբակալվել է վարչական և քրեական մեղադրանքներով։ Նրանցից շատերը հայտնել են, որ իրենց ծեծի են ենթարկել կալանավորման ընթացքում: Նրանցից տասնյակները հոսպիտալացման կարիք են ունեցել», — ասված է զեկույցում։
Կազմակերպությունը նշում է՝ չնայած այս հարձակումների մոտ տեղադրված տեսահսկման տեսախցիկների առկայությանը, հետաքննական մարմինները ոչ մի հարձակվողի չեն հայտնաբերել: Այս հանգամանքը, ինչպես ասում է HRW-ն, «կասկածներ է հարուցում հետաքննության վերաբերյալ»։