ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և նշել՝ ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Վրաստանի խաղաղ քաղաքացիների, այդ թվում՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ բռնությունները։
«Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ։
«Վրացական երազանք»-ի ճնշող մարտավարությունը մեկուսացնում է երկիրը», — X հարթակում գրել է Միլլերը:
Հիշեցնենք. հունվարի 14-ին «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ֆիզիկական բռնության են ենթարկել «Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային։ Բաթումիի կլինիկայի բժիշկ Թակո Շանթաձեի խոսքով՝ Գախարիան քթի ոսկորի կոտրվածք ունի և ուղեղի ցնցում։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։
Ֆիզիկական բռնություն՝ քաղաքական մոտիվներով. ճնշումներ Վրաստանում