ՄԻԵԴ-ն արգելել է ադրբեջանցի լրագրողի արտահանձնումը

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կարևոր վճիռ է կայացրել ադրբեջանցի վտարանդի խիզախ լրագրող Աֆգան Սադիգովի գործով», — այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն:

Հիշեցնենք, Թբիլիսիում ադրբեջանական Azel.Tv -ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը ձերբակալվել էր օգոստոսի 3-ին։ Նա Վրաստան էր ժամանել 2023 թվականի դեկտեմբերին, այս տարվա հուլիսի 18-ին մտադիր էր Թուրքիայի տարածքով մեկնել երրորդ երկիր, սակայն, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անձնագրային ստուգումից հետո ասել են, որ Վրաստանից կարող է մեկնել միայն Ադրբեջան։

Օգոստոսի 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սադիգովին դատապարտել է եռամսյա արտահանձնման կալանքի, իսկ նոյեմբերի առաջին ժամկետը երկարացրել է երեք ամսով՝ որոշում կայացնելով նրան արտահանձնել Ադրբեջանին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար: Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք՝ նշելով, որ Ադրբեջանին արտահանձնման դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ:

Միքելաձեի խոսքով՝ մտավախություն է եղել, որ վերաքննիչ դատարանը դատի ժամանակ մեկ նիստով կավարտի գործի քննությունը, իսկ հետո «ռեժիմը ժամերի ընթացքում լրագրողին կարտահանձնի Ադրբեջանին»։

«Ուստի դատական նիստից  5 օր առաջ մենք դիմեցինք ՄԻԵԴ-ին, խնդրեցինք կիրառել միջանկյալ միջոց` Աֆգանին չհանձնել Ադրբեջանին:

Արդարադատության եվրոպական դատարանը՝ վերաքննիչ դատական ​​նիստի նախորդ օրը մեզ պատասխանեց, որ կիսում է միջնորդությունը՝ արգելել է Սադիգովի արտահանձնումը (էքստրադացիա)», — ընդգծում է Միքելաձեն:

Նրա խոսքով՝ այս կերպ Եվրադատարանը ապահովագրել է Աֆգան Սադիգովի արտահանձնման ռիսկերը և դա շատ կարևոր նախնական խափանման միջոց է: Միքելաձեն ասում է՝ Եվրոպական դատարանին արդեն տեղեկացրել են, որ իրենց մտավախությունները հիմնավոր են (նկատի ունի Սադիգովին արտանհանձնման դեպքում նրա անվտանգության ու կտտանքների հարցը, -հեղ.):

«Այժմ արդեն Ազգային դատարանների մեխանիզմը սպառվել է, և միայն Ստրասբուրգը կարող է վերջնականապես դադարեցնել գործընթացը։ Հուսով եմ, որ Ստրասբուրգի դատարանի որոշումից հետո «Վրացական երազանք»-ը Աֆգան Սադիգովին բանտում չի փակի մինչև մայիս (մինչև 9 ամսվա նախնական կալանքի լրիվ ժամկետը լրանալը) և վաղաժամկետ նրա արտահանձնման կալանքը կփոխի փետրվարի սկզբին՝ երբ լրանում է կալանքի այս շրջանը»,-գրում է Միքելաձեն:

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրենը հույս է հայտնում, որ Եվրոպական դատարանի օգնությամբ իրենք վերջապես կկարողանան պաշտպանել Սադիգովների ընտանիքի անվտանգությունն ու ազատությունը:

Նա հավելում է նաև, որ իրենց արդեն հաջողվել է Սադիգովի երեխաներին և կնոջը տեղափոխել անվտանգ երկիր:

Նշենք, որ Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի շահերը Վրաստանում պաշտպանում է «Rights Georgia» ՀԿ-ն։

Վրաստանի տարածքում ձերբակալված անձի արտահանձնման կալանքի ժամկետը 3 ամիս է, որը կարող է երկարաձգվել ևս 3 ամսով։ Արտահանձնումն արգելվում է, եթե հիմնավորվի, որ դա քաղաքական հետապնդում է:

Թեմայի հետ կապված այլ մանրամասների կարող եք ծանոթանալ ստորև՝

Ադրբեջանցի լրագրողին կալանավորել են արտահանձնման նպատակով

Ադրբեջանցի լրագրողին չեն թույլատրում լքել Վրաստանը

Աֆգան Սադիգովը կարտահանձնվի Ադրբեջանին