Կղավելաշվիլին Գոմելաուրիին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Սա այն դեպքում, երբ քաղհասարակությունը Գոմելաուրիին մեղադրում է ժողովրդի նկատմամբ կիրառած խոշտանգումների և ճնշումների համար:

Կղավելաշվիլիի համապատասխան հրամանը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 14-ին:

«Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի և «Հատուկ պետական ​​կոչումների մասին» Վրաստանի օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին շնորհել ոստիկանության գեներալ-գնդապետի բարձրագույն հատուկ կոչում», — գրված է Կղավելաշվիլիի ստորագրած հրամանագրում:

Նշենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սկսված մեծամասշտաբ բողոքի ցույցերի ընթացքում, որոնք նոյեմբերի 28-ից վերածվել են եվրոպամետ ցույցերի, ներքին գործերի նախարարության և տարբեր ուժային կառույցների աշխատակիցներ բռնի կերպով ցրում էին ցույցերը, քաղաքացիներից շատերը բռնությունների են ենթարկվել, տարվել են ոստիկանական բաժանմունքներ: