Կիևը Կղավելաշվիլիին որպես Վրաստանի նախագահ չի հիշատակել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին որպես Վրաստանի նախագահ չի հիշատակել և հայտնել է, որ Կիևը միանում է Եվրամիության դիրքորոշմանն այդ հարցում։ Այս հայտարարությունը նա արել է Evropeiskaya Pravda լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Հարցին, թե պաշտոնական Կիևն ում է համարում Վրաստանի նախագահ, Սիբիգան պատասխանել է, որ Ուկրաինան «աջակցում է վրաց ժողովրդին» և ճանաչում է պետություններին, ոչ թե՝ առաջնորդներին։

«Մենք դատապարտում ենք եվրաինտեգրման կասեցման որոշումը, դատապարտում ենք խորհրդարանական ընտրությունների բազմաթիվ խախտումները, դատապարտում ենք Վրաստանի կառավարության անհամաչափ բռնաճնշումները սեփական քաղաքացիների նկատմամբ։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք ԵԱՀԿ զեկույցը, որտեղ հստակ մատնանշվում են այս բազմաթիվ խախտումները։ Նրա հիմնական խորհուրդն է նոր ընտրությունների անցկացումը՝ խնդիրներն արմատապես լուծելու համար», — նշել է Սիբիգան։

Վրաստանի 6-րդ նախագահի պաշտոնում Կղավելաշվիլիի լեգիտիմությունը չեն ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության զգալի մասը, հասարակական կազմակերպությունները, կասկածի տակ է դրված նաև միջազգային գործընկերների զգալի մասի կողմից։ Կղավելաշվիլին 2023 թվականին «օտարերկրյա գործակալներ»-ի մասին վիճահարույց օրինագծի նախաձեռնողներից էր, հայտնի է հակաարևմտյան հռետորաբանությամբ:

Կղավելաշվիլիին որպես նախագահի թեկնածու առաջադրել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ ԱՄՆ-ն Կղավելաշվիլիի երդմնակալությունից երկու օր առաջ Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց:

Կղավելաշվիլիին շնորհավորել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Հունգարիայի, Թուրքիայի և Չինաստանի ղեկավարները: