Երեկվա օրը համառոտ. հունվարի 15

Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում հարձակման է ենթարկվել «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել:

Վրաստանում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում. վերջին օրերին նոր կրքեր են բորբոքվում, որոնց համար քաղհասարակությունն ու ընդդիմությունը մեղադրում է իշխող «Վրացական երազանք»-ին: Ասում են՝ «Վրացական երազանք»-ն ավելի է ընդլայնում ռեպրեսիաների շրջանակը, երկրում ամրապնդում է ավտորիտար ռեժիմը:

Վրաստանի դատախազությունը տեղեկատվություն է հրապարակել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով ընթացող հետաքննության միջանկյալ արդյունքների մասին։

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Զուրաբիշվիլին այս պահին Կոստավայի պողոտայում գործադուլ անող քաղաքացիների հետ է։

Մայրաքաղաք Թբիլիսիի Հերոսների հրապարակում լուսացույցներ կտեղադրվեն, կնշվեն «զեբրային անցումներ»:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարած Ռուսթավելի պողոտայի վերականգնման աշխատանքների նախագիծը խափանվել է։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հոդված է հրապարակել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ դատապարտելով բողոքի ցույցերի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակումները։

Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի դեսպանությունը հայտնում է, որ Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները հարցաքննվում են։

Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն բավարարել է իշխանական քարոզչական POSTV հեռուստաընկերության լրագրող Գուրանդա Բիլիխոձեի դեմ «Բազմազգ Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերպության (ՀԿ) բողոքը: Հայցը վերաբերում էր Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժներ հեռարձակելուն: