Վրաստանում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում. վերջին օրերին նոր կրքեր են բորբոքվում, որոնց համար քաղհասարակությունն ու ընդդիմությունը մեղադրում է իշխող «Վրացական երազանք»-ին: Ասում են՝ «Վրացական երազանք»-ն ավելի է ընդլայնում ռեպրեսիաների շրջանակը, երկրում ամրապնդում է ավտորիտար ռեժիմը:
Այսօր հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիային և լրագրող, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի տարածաշրջանային գրասենյակի մենեջեր Զվիադ Քորիձեին «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից բանավոր և ֆիզիկական բռնության են ենթարկել:
«Վրացական երազանք»-ը պնդում է, որ Գախարիայի հետ կապված միջադեպը «քաղաքական վենդետա չէ», «հակամարտություն է, որը տեղի է ունեցել հյուրանոցում»։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է բռնությունների հետ կապված արձագանքերը:
Ինչ է կատարվել
Հունվարի 14-ին, ուշ գիշերը, ըստ ականատեսների, Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում հարձակման են ենթարկվել լրագրող Զվիադ Քորիձեն և նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։ Քորիձեն Բաթումիում էր՝ աջակցելու իր գործընկերոջը՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։ Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Գախարիան նույնպես աջակցություն է հայտնել Ամաղլոբելիին։ Նա ևս Բաթումիում էր՝ աջակցելու «Վրաստանի համար» կուսակցության երիտասարդական թևի ձերբակալված անդամներին։ Երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով Գախարիան քթի ոսկորի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել։
Ականատեսների վկայությամբ՝ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նրա վրա հարձակվել են «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ Դիմիտրի Սամխարաձեն, Գիորգի Մանվելիձեն և այլք։ Քորիձեի հաղորդագրության համաձայն՝ Գախարիայի վրա հարձակումից առաջ նույն անձինք, նույն հյուրանոցում հարձակվել են իր վրա:
Ինչ են ասում քաղաքական գործիչները
Որոշ քաղաքական գործիչներ համերաշխություն են հայտնում Գախարիային և Քորիձեին: Վրաստանի բանտարկված 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է վերջիններիս նկատմամբ բռնությունները:
«Ես դատապարտում եմ Գիորգի Գախարիայի և Զվիադ Քորիձեի դեմ կատարված բռնի հարձակումները: Իշխանությունը կանգնած է արյունահեղության եզրին: Նման իրավիճակում մարդիկ պետք է հատուկ զգուշավորություն և զգոնություն ցուցաբերեն», — Facebook-ում գրել է Սաակաշվիլին:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, խստորեն դատապարտել է Գախարիայի դեմ իրականացված հարձակումը: Զուրաբիշվիլին նշել է՝ դա հնարավոր չէ հանդուրժել։
«Բռնությունն անընդունելի է՝ լինի քաղաքական առաջնորդի, թե որևէ քաղաքացու նկատմամբ։ Մենք չենք կարող դա ընդունել», — X-ում գրել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով, օրենքի սահմաններից դուրս գալու վերջին դեպքերը մեծացնում են երկրում անկարգությունների և քաղաքացիական բախումների վտանգը: Ըստ նրա՝ որքան էլ անընդունելի լինեն այս կամ այն հակառակորդի գործողությունները, ի վերջո իրադարձությունները անձնական վենդետայի վերածելը իշխանության հանցագործությունն ու կատարյալ անպատասխանատվությունն է։
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան գրել է. «Պարոն Գիորգի Գախարիային մաղթում եմ համերաշխություն և շուտափույթ ապաքինում: Գիշերը նրա վրա հարձակվել են քոց/ռուս/զոնդեր պատգամավորները»:
«Քաղաքացիներ» կուսակցության հիմնադիր, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին քաջություն և համերաշխություն է մաղթում Գախարիային և Քորիձեին:
«Երբ փողոցում մի տղա բղավեց ինձ վրա, և ես ի պատասխան հարվածեցի, իմ դեմ քաղաքական հետապնդման համար գործ հարուցեցին: Ուրեմն, ես իբր քաղաքական հողի վրա հրել եմ այդ տղային՝ Ալի Բաբաևին («Վրացական երազանք» քաղաքական կուսակցության անդամ, «Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի նախագահ-հեղ.)։ Գիորգի Գախարիային մի քանի հոգի ոտքերով հարվածում և ծեծում էին, և գործը հարուցվել էր ոչ թե քաղաքական հետապնդման, այլ հարձակման հոդվածով։ Ուրեմն Ալի Բաբաևը քաղաքական գործիչ է, իսկ Գիորգի Գախարիան՝ ոչ», — գրել է Էլիսաշվիլին:
«Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Անա Ծիթլիձեն գրում է. «Շտապ ապաքինում և համերաշխություն Գախարիային և նրա թիմին: Համերաշխություն Զվիադ Քորիձեին»:
Ծիթլիձեն գրում է նաև. «Այս դեպքում անցյալը և իմ վերաբերմունքը Գախարիայի նկատմամբ էական չեն: Նա պետք է պատասխանատվության ենթարկվի ազատ դատարանում, բայց ոչ՝ ծեծով»:
«Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից Մամուկա Խազարաձեն նշել է՝ խաղաղ ցույցերը, զանգվածային ձերբակալություններն ու բռնաճնշումները ցրելուց հետո հանցավոր, անօրինական իշխանությունն այժմ անցել է ֆիզիկական հաշվեհարդարի քաղաքական հակառակորդների դեմ։
««Վրացական երազանք»-ի, այսպես կոչված՝ քաղաքական գործիչները, բայց իրականում նրանք զոնդերներ են, արդեն ամբողջությամբ հանում են իրենց դիմակները Վրաստանում և արտերկրում։ Գիորգի Գախարիայի վրա հարձակումը հենց այն է, ինչը կոչվում է ռուսական կրիմինալ իշխանություն: Գիորգիին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, իսկ «Երազանք»-ի հանցախմբին քաղաքական ասպարեզից անպայման կհեռացնենք: Բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ», — գրել է Խազարաձեն։
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Մելիան գրում է. «Այս երկիրը չի կարող այսպիսին լինել և չի լինի: Նույնիսկ, եթե մենք չենք կարող համաձայնության գալ անցյալի մասին և չենք կարող պայմանավորվել ապագայի վերաբերյալ, մենք համաձայն ենք՝ պետք է հասնենք ապագային»:
«Վրաստանի համար» կուսակցությունը պնդում է՝ Գախարիայի վրա հարձակումը կազմակերպել է Իվանիշվիլիի ռեժիմը։ Գախարիայի կուսակցությունը հարձակումն անվանել է Իվանիշվիլիի ռեժիմի կողմից կազմակերպված համակարգված, խմբակային, դաժան հարձակում:
Կուսակցությունը պահանջում է «անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Իվանիշվիլիի ռեժիմի կազմակերպած դաժան հարձակման վերաբերյալ», պահանջում է նաև բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Միջազգային արձագանքեր
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածում, որում դատապարտում է «Վրացական երազանք»-ի կողմից շարունակվող բռնությունները քաղաքացիների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների, լրագրողների և խաղաղ ցուցարարների նկատմամբ։
ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է՝ նման գործողությունները ոչինչ չեն անում Վրաստանին եվրատլանտյան ճանապարհին վերադարձնելու համար։
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի խոսքով, ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ վերսկսված բռնությունները և լրագրողների ու ցուցարարների կամայական կալանավորումներն անընդունելի են։ Մեծ Բրիտանիայի դեսպանը «Վրացական երազանք»-ի կառավարությանը կոչ է անում ապահովել, որ բռնության մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
«Վրաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին մենք վերջին օրերին ականատես եղանք ավելի խորը մտահոգիչ փաստերի… Վրաստանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պետք է պաշտպանի իր բնակչության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Այդ իսկ պատճառով այսօր Եվրախորհրդում Մեծ Բրիտանիան միացավ իր եվրոպացի գործընկերներին՝ խստորեն դատապարտելով բռնությունը խաղաղ ցուցարարների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և քաղաքական գործիչների նկատմամբ», — ասվում է հայտարարության մեջ։
«Վրաստանն ավելի լավին է արժանի», — ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը հայտարարել է, որ քաղաքական ռեպրեսիաներն ու բռնությունները հեռացնում են Վրաստանը Եվրամիությունից։
«Տխուր օր Վրաստանում», — հունվարի 15-ին X-ի հարթակում գրել է դեսպան Ֆիշերը:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը «Վրացական երազանք»-ին կոչ է անում դադարեցնել հարձակումները ընդդիմության առաջնորդների և քաղաքացիական անձանց վրա։
«Էստոնիան դիտարկում է լրացուցիչ քայլեր ԵՄ մակարդակով», — ասվում է հայտարարության մեջ։
Օմբուդսմենն անհապաղ արձագանք է պահանջում
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին դատապարտում է Գախարիայի և Քորիձեի վրա հարձակումը։ Օմբուդսմենը քննչական մարմնից անհապաղ արձագանք է պահանջում։
«Վրաստանի հանրային պաշտպանը դատապարտում է Գիորգի Գախարիայի և լրագրող Զվիադ Քորիձեի վրա հարձակումները և կոչ է անում քննչական ծառայություններին բացահայտել մեղավորներին և արագ և լիարժեք իրականացնել բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ ներառյալ տեսաձայնագրությունների ձեռքբերումը, վկաների հարցաքննությունը և այլն», — ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ։
Հանրային պաշտպանը կարևոր է համարում անհապաղ արձագանքել այս փաստերին, որպեսզի չխրախուսվեն հարձակումները քաղաքական գործիչների և լրագրողների վրա:
Ինչ են ասում փորձագետները
Ըստ փորձագետների՝ այն ինչ այժմ տեղի ունենում, նկարագրում է «Վրացական երազանք»-ի իրական դեմքը: Նրանց դիտարկմամբ՝ պետք է վերջ տալ «ռեժիմի ռեպրեսիաներին, քանի դեռ ուշ չէ»:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, սա «քոցական («Վրացական երազանք»-ի-հեղ.) Վրաստանն է, որին պետք է մեկընդմիշտ վերջ տալ»:
«Ընտրակեղծիքներ, ռեպրեսիաներ, լրագրողների բանտարկություն, Դուբայում սեփական քաղաքացու նկատմամբ բռնության փորձ, հիմա էլ՝ 10 հոգու հարձակում Գախարիայի վրա։ Ահա թե ինչ է քոցական Վրաստանը. դրա համար պետք է ավարտվի սա, վերջնականապես», — գրել է Մելաշվիլին:
Ըստ «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի՝ «Վրացական երազանքը» վերածվել է բռնի բանդայի, որը կորցրել է քաղաքական լեգիտիմության ատրիբուտները, բռնության ֆորմալացված եղանակը, և այժմ նրա անդամները փողոցներում բացահայտ ծեծում և հաշվեհարդար են տեսնում հակառակորդների նկատմամբ:
Ինչ են ասում կազմակերպությունները
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի տվյալներով՝ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնությունը և «Վրացական երազանքի» անդամների կողմից բռնության հրահրումը դարձել են նրանց քաղաքականության անբաժանելի մասը:
Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն դատապարտում է խարտիայի խորհրդի նախկին նախագահ, լրագրող Զվիադ Քորիձեի վրա հարձակումը՝ ՆԳՆ-ին կոչ անելով անհապաղ հետաքննել միջադեպը և պատժել մեղավորներին ամենայն խստությամբ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի հայտարարության համաձայն, լրագրող Քորիձեի դեմ հարձակումը Իվանիշվիլիի վարչակարգի կանխամտածված հարձակումն է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի վրա։
«Արդար ընտրություններ» ՀԿ-ն պահանջում է անհապաղ հետաքննել Քորիձեի ու Գախարիայի վրա հարձակումները և քրեական հետապնդում իրականացնել խմբակային բռնության մեջ ներգրավված անձանց նկատմամբ։
«Շերատոն»-ի հայտարարությունը
Բաթումի «Շերատոն» հյուրանոցի մենեջեր Մեգի Ժղենտիի խոսքով, հսկողության տեսախցիկների ամբողջական ձայնագրությունները, որոնք պատկերում են հունվարի 14-ին Գախարիայի վրա կատարված հարձակումը, կփոխանցվեն համապատասխան մարմիններին՝ դատարանի որոշման հիման վրա։ Հունվարի 15-ին Ժղենտին ասել է՝ ոչինչ չի ջնջվել, ձայնագրությունները պահվում են մեկ ամիս։
Լրագրողների հարցին, թե ինչու է դեպքի վայրը մաքրվել մինչ ոստիկանների ժամանելը, հյուրանոցի մենեջերն ասել է, թե որոշումը, հավանաբար, կայացրել է անմիջապես մաքրման ծառայությունը: