Դատախազությունը չի հաստատում ընտրակեղծիքների մասին պնդումները

Վրաստանի դատախազությունը տեղեկատվություն է հրապարակել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով ընթացող հետաքննության միջանկյալ արդյունքների մասին։

Դատախազ Բեքա Կվիցիանիի կողմից լրատվամիջոցներին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քաղաքական կուսակցությունների, 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի, մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով տարածված հաղորդումներն այս փուլում չեն հաստատվել։

«Կատարված քննչական փորձերի և ներգրավված միջազգային փորձագետների հետ հարցազրույցների արդյունքները բացառել են մեկ ընտրողի կողմից տարբեր ընտրատեղամասերում, ինչպես նաև միևնույն ընտրատեղամասում կրկնակի կամ բազմակի քվեարկության տեսական հնարավորությունը», — ասել է դատախազը՝ հավելելով, որ դա «հաստատվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պահանջած միջազգային աուդիտի հաշվետվություններով»։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ հաղթել է «Վրացական երազանք»-ը, անցողիկ շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ «Կոալիցիան փոփոխությունների համար», «Միասնություն — Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Վրաստանի համար»:

Հիշյալ ուժերը, Վրաստանի հինգերորդ նախագահը, դիտորդական կազմակերպությունները կարծում են, որ ընտրությունները կեղծվել են։ Հարցեր ունեն նաև միջազգային գործընկերները: 2024 թվականի հոկտեմբերի 28-ից ի վեր նոր ընտրությունների պահանջով բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը եվրոպամետ ցույցերի ժամանակ հարյուրավոր մարդկանց է ձերբակալել, այդ թվում՝ մոտ 50-ի քրեական մեղադրանքով, ինչը նշանակում է, որ նրանց սպառնում է երկար տարիների ազատազրկում:

Ընտրակեղծիքների գործով դատախազությունը ԿԸՀ-ի բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել 2024 թվականի հոկտեմբերի 30-ին։ Հարցաքննության են հրավիրվել քաղաքական գործիչներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: