POSTV-ի դեմ «Բազմազգ Վրաստանի» բողոքը բավարարվել է

Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն բավրարարել է իշխանական քարոզչական POSTV հեռուստաընկերության լրագրող Գուրանդա Բիլիխոձեի դեմ «Բազմազգ Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերպության (ՀԿ) բողոքը:

Հայցը վերաբերում էր Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժներ հեռարձակելուն:

PMMG ողջունում է խարտիայի վերջնական որոշումը, որը հրապարակայնորեն հաստատում է POSTV-ի կողմից էթիկայի չափանիշների խախտումը: Ըստ կազմակերպության՝ այս որոշումը կարևոր է ԶԼՄ-ների հաշվետվողականության բարձրացման գործընթացում։

«Խարտիայի վերանայումը ցույց տվեց, որ POSTV-ի նյութերը խախտում են էթիկական լրագրության սկզբունքները, ներառյալ չստուգված տեղեկատվության տարածումը և խտրական պատումների օգտագործումը: Այս գործողությունները խաթարում են լրագրության վստահելիությունը և ամրապնդում վնասակար կարծրատիպերը՝ ավելի բևեռացնելով հասարակությունը: Խարտիայի որոշումն ընդգծում է ճշգրիտ և անաչառ հաշվետվությունների կարևորությունը հատկապես քաղաքականապես զգայուն հարցերի վերաբերյալ», — նշված է PMMG-ի հայտարարության մեջ:

«Բազմազգ Վրաստան»-ը լրատվամիջոցներին կոչ է անում պահպանել էթիկական չափանիշները և նպաստել սոցիալական ներդաշնակությանն ու հասարակության միասնությանը:

Նշենք, որ Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժներ էր հեռարձակել 2024-ին՝ խորհրդարանկան ընտրություններից առաջ: Առաջին ռեպորտաժում POSTV-ի լրագրողը հայատյաց հարցադրումներ էր արել Խազարաձեին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել էր լրագրողը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:

Երկրորդ ռեպորտաժում ներառված անձինք ամեն կերպ փորձում են «բացահայտել» Խազարաձեի «հայկական» ծագումը և այս ամենին հասնելու համար հայատյաց հայտարարություններ են անում: Ռեպորտաժում Խազարաձեին անվանում են «խարդախ, ավանտյուրիստ և հայ»: