Արդարադատության փոխնախարարը՝ հակաարևմտյան «Ժողովրդի ուժ»-ից

«Վրացական երազանք»-ի կառավարության արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին տեղակալ է նշանակել «Վրացական երազանք»-ի մաս հանդիսացող «Ժողովրդի ուժ» խմբակցության անդամ Իրակլի (Դաչի) Բերաիային։

Բերաիան 2016 թվականից «Վրացական երազանք»-ում էր, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին միացավ հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի անձանցով միավորված «Ժողովրդի ուժ» կուսակցությանը:

Բերաիան երկու անգամն էլ պաշտպանել է «գործակալների օրենք»-ը, նախ՝ 2023-ին, որից հետո օրենքը հետ է կանչվել, և 2024-ին, երբ օրենքը վերջնականապես ընդունվեց։

Բերաիան 2016-2020 և 2020-2024 ընտրությունների արդյունքում գումարված խորհրդարանի պատգամավոր է։ Նա նաև պատգամավոր է եղել 2024 թվականի ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանում, որի օրինականությունը վիճարկվում է։

Արդարադատության նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ «Բերաիան մասնագիտությամբ տնտեսագետ է» և «գերազանցությամբ ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը»։ Ըստ հաղորդագրության` «Բերաիան մինչև իր քաղաքական գործունեությունն ունեցել է հաջող կարիերա բանկային ոլորտում»։

Խորհրդարանի կայքի տեղեկություններով՝ Բերաիան կարիերան սկսել է 2001 թվականին, երբ եղել է «Միացյալ վրացական բանկի» գործավար, ապա մինչև 2004 թվականը՝ նույն բանկում մասնագետ-գնահատող, որից հետո տեղափոխվել է Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» բանկ։ Նա Իվանիշվիլիի բանկում տարբեր պաշտոններում աշխատել է մինչև 2016 թվականը, վերջինը՝ կենտրոնացված կառավարման դեպարտամենտի տնօրեն։

Նշենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ: