Վրաստանում տիրում է արդարադատության անարդար համակարգ. փորձագետներ

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Քեթևան Ջաճվաձեն հունվարի 10-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ կալանքի տակ պահեց եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված 11 մեղադրյալի։

Վրացի փորձագետները դատարանի կայացրած որոշումներն անարդար են որակում և ընդգծում են. «Այսօրվա իշխանության համակարգը սովետական է և լղոզված»։

 11 կալանավորվածները մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու համար (Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մաս): Մեղադրյալներն են` թատրոնի դերասան Անդրո Ճիճինաձեն, հայտնի էսքիզային շոուի մասնակից Օնիսե Ցխադաձեն, նաև` Ռեզո Կիկնաձեն, Ջանո Արչայան, Ռուսլան Սիվակովը, Լուկա Ջաբուան, Գուրամ Միրցխուլավան, Վալերի Թեթրաշվիլին, Գեորգի Տերիշվիլին, Իրակլի Քերաշվիլին, Իրակլի Կուխավլին և Սերակլի Կուխավլին։ Նրանցից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով դատարանի կայացրած վերջին որոշմանը` գրում է.

«Այսօրվա «դատավարությունը» (իրականում՝ լղոզված դիմակահանդես) ևս մեկ անգամ ցույց տվեց մեզ, թե որն է ճշմարտությունը. մի կողմից՝ բռնի, սովետական ​​լղոզված համակարգ, փակ ու կոռումպացված կլան ու արդարադատության անարդար համակարգ, մյուս կողմից՝ ճշմարտություն։ Մենք կանգնած ենք և կանգնելու ենք այս ճշմարտության կողքին։ Քաղբանտարկյալների տեղը կզբաղեցնեն հանցագործները»։

Դատավոր Քեթևան Ջաճվաձեի որոշմանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է նաև Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով` ինչ անում է դատարանը և առհասարակ` իշխանությունը, խմբակային բռնություն է։

«Խմբակային բռնությունն այն է, ինչ դուք և ողջ դատական ​​համակարգը իրականացնում եք Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ։ Ստրկությունը վատ ավարտ է ունենում»,- գրել է Զուրաբիշվիլին։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն: Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում դատարանը խնդրահարույց ձևով է քննարկում վարչական իրավախախտումների հետ կապված որոշումների կայացումը։ Միքելաձեն փաստում է, որ դատարանը մեծ մասամբ ուշադրություն չի դարձնում մեղադրյալների գործերին, որոշումների տեքստերում միայն փոխվում են մեղադրյալների անուն-ազգանունները, ինչը ցույց է տալիս վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ:

«Ակնհայտ է՝ դատարանն անկախ չէ, քաղաքականացված է։ Հետաքրքիր է նաև, որ նրանք կայացնում են իրարից չտարբերվող որոշումներ. եթե ​​ուսումնասիրենք մեղադրյալների որոշումների տեքստերը, ապա կտեսնենք նույն տեքստերը, որոնք կրկնվում են 10 տարբեր անձանց համար»,— ընդգծել է Միքելաձեն:

Նրա խոսքով՝ նկատելի է նաև, որ վարչական տույժերի կիրառումը դառնում է ավելի խիստ՝ բարձր տուգանքներ և նպատակաուղղված ազատազրկումներ, ինչը ևս աչքի է ընկնում այս շրջանում:

«Եթե ​​ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ վերջին տարիներին, հատկապես՝ նոյեմբերի 28-ից սկսած (երբ իշխանությունը դադարեցրեց ԵՄ-ին ինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը- հեղ.), դատարանը 99 տոկոսով բավարարում է իրավախախտումների միջնորդությունները (առանց որևէ բացատրության), որը՝ իհարկե, կասկածի տակ է դնում որոշման արդարացիությունը»,- ասել է Միքելաձեն:

Փորձագետները նաև պնդում են, որ սա առաջին դեպքը չէ. վերջին շրջանում դատարանը բազմաթիվ նման որոշումներ է կայացրել առանց հիմնավորման։

Կարդացեք նաև`

Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է երկու ամսվա ազատազրկման

Դատարանի որոշումն անարդար են որակում․ կարծիքներ