Դատարանը եվրոպամետ ցույցերի 11 ցուցարարներին պահեց կալանքի տակ

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Քեթևան Ջաճվաձեն կալանքի տակ պահեց եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված 11 մեղադրյալի։

Բոլոր 11 մեղադրյալները մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու համար (Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մաս): Մեղադրյալներն են` թատրոնի դերասան Անդրո Ճիճինաձեն, հայտնի էսքիզային շոուի մասնակից Օնիսե Ցխադաձեն, նաև` Ռեզո Կիկնաձեն, Ջանո Արչայան, Ռուսլան Սիվակովը, Լուկա Ջաբուան, Գուրամ Միրցխուլավան, Վալերի Թեթրաշվիլին, Գեորգի Տերիշվիլին, Իրակլի Քերաշվիլին, Իրակլի Կուխավլին և Սերակլի Կուխավլին։ Նրանցից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում։

Նրանք բերման են ենթարկվել տարբեր ժամանակներում և, ինչպես պնդում են նրանց փաստաբանները, նախկինում միմյանց չեն հանդիպել, սակայն դատարանը որոշեց բոլոր գործերը միավորել մեկ վարույթում։

Այսօր դատարանը քննեց խափանման միջոցը փոխելու հարցը։ Փաստաբանները պնդեցին, որ մեղադրյալներին ազատ արձակեն` որպես այլընտրանք առաջարկելով գրավը։ Պաշտպանական կողմը մատնանշեց ձերբակալվածների դեմ թույլ ապացույցները՝ դատարկ շշերի, փայտերի կամ գունավոր ծխի դեպի ոստիկանները նետելու տեսանյութերը:

Դատախազությունը ձերբակալվածների կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացրել։ Մեղադրող կողմի խոսքով՝ նախաքննությունն ավարտելու համար անհրաժեշտ է իրականացնել բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց կարող է խանգարել ամբաստանյալների ազատ արձակումը։

Դատին զուգընթաց բողոքի ակցիա էր ընթանում։ Դատարանի բակում հավաքվել էին հարյուրավոր մարդիկ։ Նրանք պնդում էին, որ մեղադրյալները քաղբանտարկյալները։ Դատարանի որոշմանը նրանք արձագանքեցին զայրույթով։