Պետաշխատողների քաղաքական զտումը ավտորիտար ռեժիմի մեխանիզմ է. փորձագետներ

Վերջին շրջանում բազմաթիվ պետաշխատողներ բարձրաձայնում են քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատման փաստերի մասին: 

Վրացի վերլուծաբանները փաստում են՝ այս գործողությունը բնորոշ է ավտորիտար ռեժիմի պետությանը: Փորձագետների կարծիքով` նման շրջադարձը մարդու իրավունքների և սեփական դիրքորոշումը արտահայտելու իրավունքի խախտում է:

«Իշխանությունը գրեթե միշտ փորձում է ամեն կերպ մարդկանց պատժել քաղաքական հայացքների համար։ Սա շատ լավ ցույց է տալիս, որ, ցավոք, Վրաստանը կառավարվում է բոլշևիկյան ​​կառավարության կողմից, որը բացարձակապես չունի ժողովրդավարական կառավարման սկզբունքներ»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեցին փորձագետները:

Մասնավորապես, վերջին շրջանում աշխատանքից ազատման վերաբերյալ բարձրաձայնել են Հանցավորության կանխարգելման, պատիժների կատարման, պրոբացիայի ազգային գործակալության և այլ կազմակերպությունների աշխատակիցներ:

Դատապարտյալների և նախկին բանտարկյալների վերասոցիալականացման և վերականգնման վարչության ղեկավար Նինո Տկղեշելաշվիլին Facebook-ում գրել է՝ աշխատանքից ազատման մասին իմացել է Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին։

Նրա խոսքով` պետական ​​հատվածում իրականացվում է ղեկավար պաշտոնների աշխատակիցների քաղաքական զտում։

«Ավելի քան 2 տարի ղեկավարել եմ Անչափահասների ուղղորդման կենտրոնը։ Մեր համագործակցությունն ավարտվում է դեկտեմբերի 31-ին` մեկ պաշտոնական ծանուցմամբ։ Ինձ ասում են՝ փետրվարի 1-ից ազատվել ես աշխատանքից»,- ֆեյսբուքյան էջում գրել է Անչափահասների ուղղորդման կենտրոնի ղեկավար Նաթիա Ալիաշվիլին։

Հանցագործությունների կանխարգելման, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության դիվերսիոն միջնորդության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Մորիս (Կոբա) Բարամիան նույնպես փաստում է աշխատանքից ազատման մասին: Նա ընդգծեց, որ պաշտոնանկությունը կապված է իր քաղաքական հայացքների հետ:

«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20:37-ին, ստացա հաղորդագրություն. դա իսկական ամանորյա նվեր էր, որը պատահաբար տեսա և կհիշեմ ամբողջ կյանքում»,- ֆեյսբուքում գրել է Բարամիան:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիան ասաց, որ կառավարությունն այլընտրանք չունի, հետևաբար` գործի է դնում բոլոր ավտոկրատական մեխանիզմները.

«Մենք տեսնում ենք, որ ռեժիմը գտնվում է շատ մեծ ճգնաժամի մեջ, և այդ պահվածքը բնորոշ է ավտոկրատական ​​ճգնաժամին։ Իշխանությունն այլընտրանք չունի, նրանք չունեն լեգիտիմություն, նրանց չեն աջակցում ո՛չ Վրաստանի ժողովուրդը, ո՛չ էլ միջազգային գործընկերները։ Եվ, ըստ այդմ, նրանք արդեն գտնվում են բռնադատված ավտոկրատական ​​ռեժիմում»,- ասաց Գեգելիան:

Քաղաքական գործչի հավաստմամբ՝ պետաշխատողների քաղաքական զտումը թե’ մարդու  թե’ աշխատանքային իրավունքների խախտում է.

«Սա մի կողմից մարդկանց իրավունքների ոտնահարում է, երբ նրանք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, իսկ մյուս կողմից՝ աշխատանքային իրավունքի խախտում, երբ մարդկանց կամայականորեն աշխատանքից ազատում են, ինչի իրավունքը, բնականաբար, ոչ մի իշխանություն չպետք է ունենա»:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պետաշխատողներին աշխատանքից ազատելը «ավտորիտար ռեժիմի մեխանիզմ» որակեց նաև Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

«Ռեժիմն այլևս չի հանդուրժում տարբերվող կարծիք ունեցող մարդկանց, պետաշխատողներին, Վրաստանում ավտորիտարիզմը ուժեղանում է, ցավոք` սա ավտորիտարիզմի բնորոշ գիծն է։ Մարդիկ, որ ծառայում են պետական ​​հատվածում և ունեն տարբեր քաղաքական հայացքներ, ազատվում են աշխատանքից»,- ասաց Զաքարեիշվիլին: 

Զաքարեիշվիլին ընդգծեց, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են մարդու  իրավունքները:

Վերջին շաբաթներին «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների կողմից պետական ​​պաշտոնյաների նկատմամբ իրականացված բռնաճնշումները դատապարտել են նաև  քաղաքացիական որոշ հասարակական կազմակերպություններ:

Թեմային առնչվող նյութեր կարող եք կարդալ ստորև՝

ՀԿ-ները դատապարտում են պետծառայողների նկատմամբ իրականացված բռնաճնշումները

Քաղաքական հետապնդում պետաշխատողների նկատմամբ

Պաշտոնանկություններ՝ քաղաքական հայացքների համար