Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի գործընթացի շրջանակներում Վրաստանի հարցով համազեկուցողներ Կլոդ Քերնը (Ֆրանսիա) և Էդիտ Էստրելան (Պորտուգալիա) հունվարի 14-16-ին Վրաստան կժամանեն:
ԵԽԽՎ հայտարարության համաձայն՝ այցի նպատակն է գնահատել Վրաստանի՝ որպես Եվրախորհրդի անդամ երկրի պարտավորությունների կատարումը հատկապես հոկտեմբերի ընտրություններից հետո շարունակվող քաղաքական ճգնաժամի և ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման լույսի ներքո։
Այցի ընթացքում համազեկուցողները կհանդիպեն բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների ղեկավարության, կառավարության համապատասխան ներկայացուցիչների և կառույցների, նաև քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ:
ԵԽԽՎ հայտարարության մեջ ասվում է, որ դա դիտորդական առաքելության հերթական այցն է և չպետք է ընկալվի որպես քաղաքական հավանություն կամ համաձայնություն նրանց դիրքորոշումներին, որոնց հետ կհանդիպեն համազեկուցողները։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է նաև, որ հանդիպելու է բերման ենթարկված ցուցարարներից մի քանիսին, որոնց մեղադրանքներն ու կալանավորումը մտահոգիչ են։