Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ դատապարտում են վերջին շաբաթներին «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների կողմից պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացված բռնաճնշումները։
«Կեղծված ընտրություններին և 2024 թվականի նոյեմբերի 28-ին Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը (ըստ որի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացն օրակարգ չի ներառվի մինչև 2028 թվականը — հեղ.) հաջորդեց աննախադեպ հանրային բողոք, որին միացան նաև պետական պաշտոնյաները։
Հազարավոր պետական պաշտոնյաներ բաց հայտարարություններով կամ ստորագրահավաքներով մերժեցին վերոնշյալ որոշումը։ Նրանք դատապարտել են բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ և վերահաստատել իրենց հավատարմությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին»,- գրված է հայտարարության մեջ:
Հասարակական կազմակերպությունների խոսքով՝ հապճեպ և առանց խորքային քննարկման ընդունված օրենսդրական փոփոխություններն էապես վատթարացրել են պետական ծառայողների մասնագիտական պաշտպանության մեխանիզմները.
«Այս փոփոխությունները ճանապարհ են հարթել պետական պաշտոնյաների նկատմամբ ռեպրեսիվ գործիքների կիրառման համար»:
Հայտարարությունն ստորագրել է ավելի քան 20 հասարակական կազմակերպություն, այդ թվում` Վրաստանի իրավաբանական ընկերությունների ասոցիացիան (ALFG), Քաղաքացիական հասարակության հիմնադրամը (CSF), Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտը (DRI), Եվրոպական-վրացական ինստիտուտը (EGI) և այլք: