Ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նոր ընտրություններն են. Զուրաբիշվիլի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկյան վերլուծական կենտրոն Հադսոնի ինստիտուտում իր հեռավար ելույթում ամերիկացի գործընկերներին կոչ է արել օգնել Վրաստանին նոր խորհրդարանական ընտրությունների հասնելու համար:

Նա խոսել է նաև «ոչ լեգիտիմ խորհրդարանն ու դե ֆակտո նախագահին չճանաչելու կարևորության» ու պատժամիջոցների անհրաժեշտության մասին։

«Պատժամիջոցները ճնշման միջոց են ոչ միայն «Վրացական երազանք»-ի առաջնորդների, այլև նրանց մերձավոր շրջապատի վրա, ինչպես ցանկացած ավտոկրատ երկրում», — ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով, «ընտրություններից բացի` խորը ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չկա, որում ներկայումս գտնվում է Վրաստանը». «Միակ ճանապարհը նոր ընտրություններն են. և ես վստահ եմ, որ նոր ընտրություններ կանցկացվեն»:

Ելույթից առաջ Զուրաբիշվիլիին Հադսոնի ինստիտուտի նախագահ Ջոն Ուոլթերսը ներկայացրել է որպես «Վրաստանի նախկին նախագահ», ինչին Զուրաբիշվիլին արձագանքել է այսպես. «Ես միայն մեկ փոքր, բայց կարևոր շտկում ունեմ ձեր բնորոշման առումով՝ ես նախկին նախագահ չեմ, ես Վրաստանի միակ օրինական նախագահն եմ՝ չնայած իշխող կուսակցության պնդումներին»: Սալոմե Զուրաբիշվիլիի այս նկատառմանը հաջորդել են ծափահարություններ։