Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Քարելիի մունիցիպալիտետի Կնոլևի գյուղի մերձակայքում` օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալված Իլիա Լուտիձեն և Նիկա Մամաստարաշվիլին, նաև օկուպացված Ախալգորիի մոտ ապօրինաբար ձերբակալված Զուրաբ Լոբժանիձեն ազատության մեջ են և գտնվում են Վրաստանից վերահսկվող տարածքում:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիներին անօրինական բանտարկությունից ազատելու գործընթացում ակտիվորեն օգտագործվել են Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) կողմից գործարկվող «թեժ գծի» մեխանիզմը և կենտրոնական կառավարությանը հասանելի բոլոր համապատասխան գործիքները։
«Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր սադրիչ գործողությունների համար պատասխանատվություն է կրում օկուպանտ ուժը: Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում ապօրինաբար ձերբակալված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ», — ասված է ՊԱՇ-ի հայտարարության մեջ։
Օկուպացված Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանի դե ֆակտո կառավարությունը հայտարարել է, որ վրացական կողմին է հանձնել Վրաստանի երեք քաղաքացիների, որոնք, ըստ դե ֆակտո կառավարության՝ կրել են իրենց պատժաչափը «սահմանի ապօրինի հատման» մեղադրանքով։
Մամաստարաշվիլիին և Լուտիձեին օկուպացիոն ուժերը ձերբակալել էին 2024 թվականի փետրվարի 14-ին Քարելիի մունիցիպալիտետի Կնոլևի գյուղի մերձակայքում՝ շփման գծի մոտ։ Լոբժանիձեն ձերբակալվել է օգոստոսի 17-ին օկուպացված Ախալգորիի մոտ։
Ներկայումս Ցխինվալիի բանտում անօրինական կերպով պահվում են Վրաստանի 8 քաղաքացիներ։