Թբիլիսիի քաղաքային դատարանը հաշվի է առել դատախազության պահանջն ու երկու ամսով հետաձգել եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված 19 անձանց դատավարության մեկնարկը։ Ոստիկանությունը քրեական օրենսդրությամբ կալանավորել է առնվազն 44 մարդու։
Չնայած այն հանգամանքին, որ գործի մեկնարկը հետաձգվել է, դատավորները, այնուամենայնիվ, պարտավոր են դիտարկել կալանավորվածների նկատմամբ խափանման միջոցը.
- Հունվարի 10-ին դատարանը կվերանայի Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի, Գուրամ Միրցխուլավայի, Լուկա Ջաբուայի, Ջանո Արչաիայի, Ռուսլան Սիվակովի, Ռևազ Կիկնաձեի, Գիորգի Տերաշվիլիի, Վալերի Թեթրաշվիլիի, Սերգեյ Սիվակովի և Իրակլի Քերաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը։ Գործի քննությունը կվերսկսվի մարտի 5-ին;
- Հունվարի 11-ին դատարանը կվերանայի Նիկոլոզ Ջավախիշվիլիի, Թոռնիկե Գոշաձեի, Իրակլի Միմինոշվիլիի, Զվիադ Ցեցխլաձեի, Վեփխվիա Կասրաձեի, Վասիլ Կաձելաշվիլիի, Գիորգի Գորգաձեի և Ինսափ Ալիևի խափանման միջոցի հարցը։ Գործի քննությունը կվերսկսվի մարտի 6-ին։
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Վրաստանում ընթանում են եվրոպամետ բողոքի ակցիաներ՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին կայացրած որոշման դեմ, ըստ որի՝ առաջիկա չորս տարիների ընթացքում օրակարգում չի լինելու Եվրամիությանն անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը։