«Վրացական երազանք»-ի կառավարությունից ոչ ոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել, Radiotavisupleba-ին հայտնել են կառավարության աշխատակազմից:
Ըստ տեղեկության՝ «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին նույնպես հրավեր չի ստացել։
Ուշագրավ է, սակայն, որ Թրամփի երդմնակալությանը հրավիրված է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրան հրավիրել է ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Ուիլսոնը:
Հիշեցնենք. 2024 թվականի նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգները դադարեցրել է երկարամյա գործընկերությունը Վրաստանի հետ։ Վրաստանի հետ գործընկերությունը դադարեցնելուց երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին, «Վրացական երազանք»-ը հայտարարեց՝ 4 տարով հետաձգում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը: Այս որոշումը հազարավոր մարդկանց դուրս բերեց մայրաքաղաքի փողոցներ։ Եվրոպամետ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են:
«Վրացական երազանք»-ը հույս ունի, որ Թրամփի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կվերականգնվեն։
Նշենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը Վաշինգտոնում տեղի կունենա հունվարի 20-ին: