Վրաստանում և հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ցույցերի, պետական հատվածի հարյուրավոր աշխատակիցների բողոքի ակցիաների ֆոնին «Վրացական երազանք»-ն իրականացրեց օրենսդրական փոփոխությունների շարք:
Նախատեսված օրինագծերից շատերը վերաբերում են հանրահավաքներին և բողոքի ցույցերին առնչվող կարգավորումների:
Դրանցից ամենաաղմկահարույցներից մեկի համաձայն` Վրաստանում հանրային հավաքների և բողոքի ակցիաների մասնակիցներին կարգելվի «տարբեր ձևերով թաքցնել իրենց դեմքերը»։
Դեմքը ծածկելու արգելքը նշանակում է դիմակներ և հակագազեր կրելու արգելք, ինչը նշանակում է, որ արցունքաբեր գազի և պղպեղի սփրեյի կիրառման դեպքում ցուցարարներն այլևս չեն կարող պաշտպանվել:
«Սա կօգնի կանխել բռնությունը», — օրինագծի նպատակը պարզաբանել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, — այս իրավիճակում դժվար է արձագանքել՝ բոլորը դիմակներով են»։
Ենթադրաբար, պաշտոնական արգելքը կտարածվի ակնոցների, ռեսպիրատորների և հակագազերի վրա, որոնք նույնպես ծածկում են դեմքը։
«Դիմակ կրելու արգելքն անուղղակիորեն սահմանափակում է մարդկանց հավաքների ազատությունը», — ասում է իրավաբան Սաբա Բրաճվելին։
«Վրացական երազանք»-ը պատժում է մարդկանց նախազգուշական միջոցներ ձեռնարկելու և իրենց արձակած գազը չշնչելու համար»,- ընդգծում է նա։
Սաբա Բրաճվելիի խոսքով, այս նախաձեռնությունը հատկապես ցինիկ է, եթե հաշվի առնենք, որ ՆԳՆ հատուկ ջոկատայինները դիմակներ են օգտագործում հանրահավաքների ժամանակ։
«Շատ ամոթալի է հանրահավաքի մասնակիցների դեմքը ծածկելու արգելքը այն դեպքում, երբ հանցագործություններ են կատարում սև հագուստով և սև դիմակ հագած անձինք, որոնք չունեն ոստիկանական տարբերանշաններ կամ նույնականացման համարներ»,- պարզաբանում է «Մարդու իրավունքների կենտրոն»-ի ղեկավար Ալեկո Ցքիտիշվիլին։ Հատկանշական է, որ վերոնշյալ կազմակերպության փաստաբանները պաշտպանում են ցույցերի ժամանակ ձերբակալված կալանավորներին:
Ցքիտիշվիլին հավելում է, որ ոչ լեգիտիմ խորհրդարանի հաստատած բոլոր օրենքներն անօրինական են, սակայն «Վրացական երազանք»-ը դեռ փորձում է սահմանափակումներ մտցնել և մեծացնել ճնշումն ու բռնությունը ցուցարարների նկատմամբ: