«Վասո Աբաշիձեի անվան նոր թատրոն»-ը («Նոր թատրոն») չեղարկում է հունվարին նախատեսված ներկայացումները։ Այդ պիեսներն են՝ «Ես լողում եմ ծովի վրայով», «Բալի այգին» և «Լիր արքան»։
Թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է՝ պատճառը նույն թատրոնի դերասան Անդրո Ճիճինաձեի ազատազրկումն է. «Մենք չենք կարող բեմ վերադառնալ առանց Անդրոյի։ Տոմսերը կարող եք վերադարձնել… Հուսով ենք՝ շուտով կհանդիպենք թատրոնում Անդրոյի հետ»:
«Նոր թատրոն»-ի դերասան Ճիճինաձեին ոստիկանությունը ձերբակալել է դեկտեմբերի 5-ին՝ եվրոպամետ ցույցերում «բռնի գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու, մասնակցելու և հրապարակայնորեն կոչ անելու» մեղադրանքով։
Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Ճիճինաձեի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Նրան սպառնում է 4-6 տարվա ազատազրկում։
Ճիճինաձեն Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում մեկ ամսից ավելի շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցն է։ Ցույցերի հիմքում ընկած է «Վրացական երազանք»-ի կառավարության որոշումը, ըստ որի՝ մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի բերվի ԵՄ անդամակցության բանակցությունների բացման հարցը։
Բողոքի ցույցերի ընթացքում մոտ 500 մարդ է ձերբակալվել։ Նրանցից տասնյակների մոտ եղել են ծեծի ու բռնության հետքեր։ Բերման ենթարկված ցուցարարներից ավելի քան 40-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքով։
Ցույցերի մասնակից դերասանի կադրերը հեռացվել են Wissol-ի գովազդից