Վրաստանում 2025 թվականի հունվարի 1-ից պատգամավորների ու կառավարության այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ, կենսաթոշակների աննկատ բարձրացումը թեժ քննարկման առիթ է դարձել։
Մասնավորապես՝ 70 և բարձր տարիքի քաղաքացիների կենսաթոշակը բարձրացել է 35 լարիով՝ (մոտ 12 դոլար) կազմելով 450 լարի( 157 դոլար) ։ Լեռնային բնակավայրերի նույն կատեգորիայի կենսաթոշակառուների կենսաթոշակը դարձել է 540 լարի(188 դոլար)։
Մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը, համաձայն կառավարության ծրագրի՝ կկազմի 350(մոտ 122 դոլար) , իսկ լեռնային բնակավայրերում՝ 420 լարի(146 դոլար):
Հատկանշական է, որ միևնույն ժամանակ խորհրդարանականների աշխատավարձը ավելացել է 7 հազար լարիով (մոտ 2 հազար 4 հարյուր դոլար):
Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով գնաճը և վրացական լարիի փոխարժեքը, կարելի է ասել անցնող 12 տարվա («Վրացական երազանքի»-ի կառավարման տարիները, խմբ․) ընթացքում կենսաթոշակը գործնականում չի ավելացել:
Տնտեսագետների կարծիքով՝ կենսաթոշակի վերջին տարիների բարձրացումը միայն ձևական է, արտացոլվում է թվերով, սակայն իրականում այն 2012 թվականից ի վեր մնացել է անփոփոխ, չի բարձրացել։
Հաշվի առնելով ապրանքների և դեղերի թանկացումը, տնտեսագետները նշում են, որ կենսաթոշակի բարձրացումը հասել է նույն կետին, ինչ 2012 թվականին էր:
Բացի այդ նրանք բարձրաձայնում են՝ տնտեսական աճը, որով հպարտանում են պաշտոնյաները, բացարձակապես չի արտացոլվել քաղաքացիների բարեկեցության վրա։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը փաստում է՝ «եթե հաշվի առնենք 65 տոկոսանոց գնաճը, ապա կենսաթոշակի տվյալները 2012 թվականի հետ անփոփոխ են»:
«Ակնհայտ է, որ տեղի է ունեցել միայն կենսաթոշակի ինդեքսացիա (ինչը նշանակում է գնելու հնարավորության պահպանում, ոչ թե ավելացում). սա կարելի է ասել, քաղաքացուն մոլորեցնելու նպատակ ունի. Իհարկե, սրան զուգահեռ տեսնում ենք, որ իրական աճ է նկատվում պատգամավորների, կառավարության անդամների աշխատավարձերի վրա, ինչն ակնհայտ է դարձնում կառավարության մոտեցումը սեփական քաղաքացիների նկատմամբ», — ասում է Թումասյանը:
Վրացի տնտեսագետ Գիգա Բեդինեիշվիլիի խոսքով՝ (Աղբյուրը՝ Formula) վերջին շրջանում ոչ այնքան, բայց անցած տարիներին գնաճն ավելի բարձր է եղել։ Այս ամենի ֆոնին, ըստ նրա, թոշակառուներն ու հասարակ քաղաքացիները շարունակում են մնալ սոցիալապես անապահով վիճակում:
«Ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել։ Վերջին տարիներին կենսաթոշակների չնչին բարձրացումը պայմանավորված է եղել թանկացումներով, դա բացարձակապես չէր կարող անդրադառնալ քաղաքացու բարեկեցությանը», — ընդգծում է տնտեսագետը:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Ժողովրդավարության հետազոտական կենտրոնի տնօրեն, նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին անդրադարձավ պատգամավորների աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը:
Նրա խոսքով՝ որոշումը սոցիալական անհավասարության արտացոլում է. «կան արտոնյալ խմբեր, որոնց աշխատավարձերը բարձրանում են 250 և ավելի տոկոսով, և կան սոցիալապես անպաշտպան քաղաքացիներ, այդ թվում թոշակառուներ, որոնք ստանում են չնչին գումար»։
«Իհարկե, կենսաթոշակը պետք է լինի կենսապահովման նվազագույնից բարձր՝ համապատասխանելով արժանապատիվ կյանքի նվազագույն պայմաններին։ Պատգամավորների առանց այն էլ բարձր աշխատավարձը ևս 7 հազար լարիով բարձրացնելը լուրջ խնդիր է, որը նպաստում է սոցիալական անհավասարության աճին, հիմնված չէ առողջ սոցիալական քաղաքականության վրա, այն կառավարության քաղաքական որոշումն է»,-ընդգծում է Նանուաշվիլին:
Ըստ Նանուաշվիլիի՝ գործնականում որոշումը ցույց է տվել, որ կառավարությունը չի պաշտպանում սեփական երկրի թոշակառուներին․ «թքած ունի» նրանց իրավունքների վրա։
Փորձագետների հավաստմամբ՝ կենսաթոշակների բարձրացումը խաբկանք է՝ նման տեխնիկայի կիրառումը հեշտացնում է քաղաքացիներ կառավարումը։
Ստորև ներկայացված աղյուսակներում կարող եք տեսնել տարիների ընթացքում կենսաթոշակի աճի ընթացքը.
(2004-2012 թվականներ՝ կենսաթոշակն ավելացել է 500 տոկոսով)
(2012-2025 թվականների տվյալներ՝ կենսաթոշակները չեն աճել)
((Կենսաթոշակի բարձրացման աղյուսակ՝ գնաճի պայմաններում՝ 2012-2025 թվականներ)