Վրաստանը, որը գնում էր դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ, լիովին վերադառնում է Ռուսաստանի կողմը, ամերիկացի բլոգեր Լեքս Ֆրիդմանի փոդքաստում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Չեմ ուզում խոսել այն տարօրինակ հարցերի մասին, որ Պուտինը ցանկանում է հետ վերցնել Խորհրդային Միության բոլոր տարածքները և ազդել դրանց վրա։ Բայց նա դա անում է դանդաղ: Մարդիկ պետք է իմանան մանրամասները», — ասել է Զելենսկին՝ օրինակ բերելով Վրաստանին:
Զելենսկին ասել է՝ Աբխազիան վերահսկվում է զինված խմբավորումների կողմից։ Աբխազիան չի զարգանում, պարզապես Վրաստանի շատ գեղեցիկ, բայց մեռած հատվածն է, քանի որ Պուտինն է այդպես ցանկացել: Ըստ Զելենսկիի՝ Պուտինը հետ է շրջել Վրաստանը։
«Երիտասարդները, ուսանողները բոլորը հեռանում են (երկրից — հեղ.), և սա փաստ է։ Վրաստանը բավականին փոքր է: Գնում են և ուզում են ապրել ու զարգանալ Եվրոպայում, ոմանք՝ ԱՄՆ-ում, ոմանք՝ Բրիտանիայում», — ասել է Ուկրաինայի նախագահը: