Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կազմակերպվելիք հանրային քննարկումներին։
Կուսակցության խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ «Միացյալ ազգային շարժում»-ը հարցի շուրջ քննարկումներ կանցկացնի ժողովրդի շրջանում, հանդես կգա այլընտրանքային առաջարկով:
«Մենք այս հանձնաժողովի շրջանակներում անցկացվող հրապարակային քննարկումներին մասնակցություն չենք ունենա։ Քննարկումներ կանցկացնենք ժողովրդի հետ միասին՝ այլընտրանքային առաջարկով: Կարծում եմ, որ ներկայացված Սահմանադրական փոփոխությունները ժողովրդավարության զարգացման ճանապարհից մեկ քայլ հետ են»,- հայտարարել է Գոցիրիձեն:
Նույն կուսակցության նախկին անդամները, սակայն, ովքեր ներկայացնում են «Եվրոպական Վրաստան» ուժը, չեն պատրաստվում հանձնաժողովի կազմակերպած հանրային քննարկումներից հրաժարվել։ Գիգի Ծերեթելիի խոսքով, իրենք կօգտագործեն բոլոր լծակները՝ սահմանադրության փոփոխությունների մասին իրենց դիրքորոշումը հանրությանը հասցնելու նպատակով: