Աշխատանքից ազատել են Թբիլիսիի քաղաքապետարանի սահմանափակ կարողություններով անձանց հարցերով զբաղվող խորհրդի գործադիր քարտուղար Գիգա Սոփրոմաձեին:
Նա հանդիսանում է քաղաքացիական ծառայողների նորաստեղծ անկախ մասնագիտական միության համահիմնադիրը։ Արհմիության գրանցման դիմումը Արդարադատության տուն է ներկայացվել դեկտեմբերի 25-ին։
Սոփրոմաձեի ազատման նամակը թվագրված է դեկտեմբերի 25-ով, որը ստորագրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային ծառայության ղեկավարի հետ։ Ազատման պատճառը նամակում բացատրվում է հետևյալ կերպ.
«Արտահաստիքային աշխատող Գիգա Սոփրոմաձեն աշխատանքի է ընդունվել առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայությունում՝ աշխատանքային պայմանագրով։ Նրա հիմնական գործառույթը վերը նշված ծառայության սահմանափակ կարողություններով անձանց համար նախատեսված ծրագրերի համակարգողի պարտականությունների կատարումն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայության կողմից իրականացվող բոլոր առողջապահական և սոցիալական ծրագրերն արդեն ունեն իրենց համակարգողները, վերոնշյալ արտահաստիքի գոյությունն այլևս անհրաժեշտ չէ»։
Սոփրոմաձեն քաղաքապետարանում աշխատում է 2016 թվականից։ Նրա խոսքով, ինքը՝ որպես հաջողակ աշխատող, բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել քաղաքապետից։ Վստահ է՝ իրեն աշխատանքից ազատելու որոշումն ուղղակիորեն կապված է իր և իր աշխատակիցների վերջին շրջանի ակտիվության հետ։
Նոյեմբերի վերջին Թբիլիսիի քաղաքապետարանի ավելի քան 200 աշխատակիցներ չհամաձայնվեցին «Վրացական երազանք»-ի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման հետ և նոյեմբերի 30-ին բաց նամակ հրապարակեցին։ Նամակի ներքո առաջին ստորագրողը Գիգա Սոփրոմաձեն էր։
Պետական աշխատողների անկախ մասնագիտական միությունն արձագանքել է Սոփրոմաձեին աշխատանքից ազատելուն և հայտարարել՝ փաստը քաղաքապետարանի աշխատակիցներին վախեցնելու նպատակ ունի։
«Հաշվի առնելով հիշյալ փաստերը՝ կարծում ենք, որ նրա ազատ արձակումը քաղաքական հաշվեհարդար է, ուղիղ հարված մեր կազմակերպությանը՝ նույնիսկ մինչև գրանցման ավարտը։ Որոշումը նպատակ ունի վախեցնել Թբիլիսիի քաղաքապետարանի համակարգի աշխատակիցներին։ Դա, սակայ, անպատասխան չի մնա․ մեր միությունը մինչև վերջ պայքարելու է իր շահերը պաշտպանելու համար՝ օրենքով նախատեսված բոլոր ձևերով», — ասված է հայտարարության մեջ։