Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Նշվում է՝ այս դժվար պահին Վրաստանն Ադրբեջանի կողքին է, համերաշխություն է հայտնում իր ռազմավարական գործընկերոջը:
«Խորը վշտով ենք լցված Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման լուրով, որը տասնյակ մարդկանց կյանք խլեց։ Մենք անկեղծորեն ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ադրբեջանի մեր եղբայրական ժողովրդին», — X հարթակում գրել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանվել է Azerbaijan Airlines-ի Embraer 190 ինքնաթիռը. ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Ղազախստանի Արտակարգ իրավիճակների ծառայության նախնական տվյալներով, ավիավթարից ողջ է մնացել 25 մարդ, որոնցից 22-ը հոսպիտալացված են։