Վիճաբանություն Օզուրգեթիի քաղաքային խորհրդում

Վրաստանի Օզուրգեթի քաղաքի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նիստում վիճաբանություն է եղել։ Ընդդիմադիր պատգամավորները «Վրացական երազանք»-ի անդամներին դիմավորել են հանրահավաքներում ծեծի ենթարկված քաղաքացիների լուսանկարների «ամոթի միջանցք»-ով։

Իրավիճակը լարվել է, երբ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) անդամ Թաթիա Նիկոլաշվիլին փորձել է հիշյալ լուսանկարները փոխանցել Օզուրգեթիի քաղաքապետին ու սակրեբուլոյի նախագահին։

Պատգամավորից խլել են լուսանկարները, արդյունքում կողմերի միջև տեղի է ունեցել բախում։

Ըստ TV Pirveli-ի լրագրող Նատո Գոգելիայի՝ ոտքով հարվածել են իրենց օպերատորին։ Կադրերից երևում է, որ Օզուրգեթիի քաղաքապետի առաջին տեղակալ Գիորգի Ղուրջումելիձեն վեճի է բռնվել «Ռուսթավի 2»-ի լրագրողի հետ։

Այսօրվա նիստում քննարկվում էր բյուջեն, պատգամավորները պետք է քննարկեն նաև պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը։

Դեպքի վայր է կանչվել նաև ոստիկանություն. նիստը շարունակվել է, երբ ընդդիմադիրները լքել են դահլիճը։