ԱՄՆ Կոնգրեսը վրաց ժողովրդի կողքին է. Հելսինկյան հանձնաժողով

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը նշում է, որ վրաց ժողովուրդն ունի Կոնգրեսի երկու կուսակցությունների (հանրապետականներ և դեմոկրատներ) աջակցությունը. ժամանակն է` աշխարհը քայլեր ձեռնարկի։

Նշվում է` վրացիները էքզիստենցիալ պայքարի մեջ են իրենց երկրի ժողովրդավարության, ինքնիշխանության և եվրոպական ապագայի համար։

«Հիմա ժամանակն է, որ ԱՄՆ-ը և աշխարհի դեմոկրատական ​​երկրները միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Վրաստանը մնա ազատ և անկախ», — ասված է X սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ։

Գրեթե մեկ ամիս է՝ Թբիլիսիում և այլ քաղաքներում ցույցերը չեն դադարում. քաղաքացիները բողոքում են իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն առաջիկա 4 տարում օրակարգ չեն բերվի:

Դեկտեմբերի 19-ին, ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը, որը տարիներ շարունակ եղել է Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը, պատժամիջոցներ է կիրառել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») տեղակալ Միրզա Կեզևաձեի նկատմամբ։ Նրանք ներառվել են համաշխարհային «Մագնիտսկու ցուցակում»։

Երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար լրացուցիչ վիզային սահմանափակումներ է մտցրել ավելի քան 60 անձանց, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ի կենտրոնական և մունիցիպալ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ: