Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 24-ին Օրբելիանիի պալատում հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական հատվածի և հասարակության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումից հետո «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեն լրագրողներին ասել է՝ զրույցի ընթացքում շոշափվել են նոր ընտրությունների անցկացման ուղիներն ու հետագա գործողությունների ծրագիրը։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության անդամ Դիմիտրի Ցքիտիշվիլին ասել է, որ նախագահի հետ քննարկել են դեկտեմբերի 29-ից հետո սպասվելիք գործողությունների ծրագիրը։
«Աշխատանքներն ընթացքի մեջ են, մենք համաձայն ենք, որ սկզբունքային հարցերը պետք է համաձայնեցվեն, եթե կառավարությունը խելամտություն ցուցաբերի և սկսի բանակցությունները, մենք պետք է պատրաստ լինենք ճգնաժամից դուրս գալու տեսլականներ ունենալ», — ասել է Ցքիտիշվիլին:
Ընդդիմադիր «Ախալի» (Նոր) կուսակցության նախագահ Նիկա Գվարամիան նշել է՝ այսօրվա հանդիպման ժամանակ ուրվագծվել են միասնական ֆորմատով որոշումներ կայացնելու կարևորությունը: Ըստ նրա՝ որոշումներ պետք է կայացնի թե՛ հասարակական, թե՛ քաղաքական կողմը. «Այս հարցում գլխավոր ուղղությունը նա է, ով այս երկրում լեգիտիմ է մնացել, դա Սալոմե Զուրաբիշվիլին է»։