Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի Ռուսթավելիի պողոտայի վերականգնման աշխատանքները սկսել 2025 թվականի առաջին կեսից։ Սա այն վայրն է, որն ամենից հաճախ վերածվում է կառավարության կայացրած որոշումների բողոքի ցույցերի անցկացման տարածքի։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաստատելով մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեն, լրագրողներին պատմել է նախատեսվող աշխատանքների փուլերը:
«Առաջինը, որ կարվի՝ ճանապարհային ենթակառուցվածքի ամբողջական դասավորումն է ստորգետնյա կոմունիկացիաներով։ Հաջորդ փուլը լինելու է շենքերի վերանորոգումն ու վերականգնումը, կան բազմաթիվ մշակութային ժառանգության հուշարձաններ: Դրա համար որոշ ժամանակ կպահանջվի, սակայն առաջին փուլը կլինի միայն ճանապարհային ենթակառուցվածքի կազմակերպումը՝ իր կանաչ նախշերով, ստորգետնյա հաղորդակցություններով», — ասել է Կալաձեն՝ չհստակեցնելով՝ երբ կսկսվեն աշխատանքները:
Կալաձեն դեռ 2023 թվականի նոյեմբերին հայտարարել էր՝ Ռուսթավելիի պողոտայի աշխատանքները կսկսվեն 2024 թվականից. վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 2 տարի։
Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ վերջին 27 օրվա ընթացքում պահանջում են նոր ընտրություններ։ Զանգվածային բողոքի պատճառ է դարձել «Վրացական երազանք»-ի կայացրած որոշումը, ըստ որի՝ հրաժարվում են մինչև 2028 թվականի վերջ սկսել Եվրամիության հետ բանակցությունները: