Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների օրը ծակել են դիտորդական առաքելության անդամներին տեղափոխող մեքենաների անվադողերը, վնասել են ավտոմեքենան, նշված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցում:
Զեկույցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի 2025 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում՝ ձմեռային նստաշրջանի ժամանակ։
Ըստ զեկույցի՝ միջադեպը, որը ԵԽԽՎ-ն «անընդունելի» է անվանում, տեղի է ունեցել Սիղնաղիի մունիցիպալիտետի Բոդբե գյուղում։
«Մոտ 40 անբարյացակամ, հաղթանդամ տղամարդիկ ընտրատեղամասից դուրս դիտավորյալ վնասել են (ԵԽԽՎ դիտորդական-հեղ.) թիմի մեքենան։ Ծակել են ավտոմեքենայի անվադողը, որից հետո հանցագործները փորձել են ճանապարհատրանսպորտային պատահար կազմակերպել՝ արդեն իսկ վնասված մեքենան մխրճելով հին մեքենայի մեջ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Զեկույցում ընդգծված են մի շարք հարցեր, որոնք, ըստ ԵԽԽՎ-ի՝ էականորեն խաթարել են ընտրական գործընթացի արդարությունը և կասկածի տակ դրել արդյունքների օրինականությունը: Դրանց թվում են.
- Քվեարկության գաղտնիության խախտում, որը միջազգային դիտորդական առաքելությունները ֆիքսել են ընտրական տեղամասերի մեկ քառորդում: Այս խնդիրը, ըստ ԵԽԽՎ-ի, խաթարել է ընտրությունների ամբողջականությունը:
- Պետական ինստիտուտների քաղաքականացում, Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը՝ առանձին հասարակական կազմակերպություններին «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ հայտարարված» գրանցելու մասին:
- «Անհավասար խաղի պայմաններ» կուսակցությունների միջև և վարչական ռեսուրսների օգտագործում «Վրացական երազանք»-ի կողմից: Նաև լրատվամիջոցների բևեռացում:
- Ահաբեկման և ոտնձգությունների համատարած մթնոլորտ, որի թիրախը ընտրողներն ու ակտիվիստներն էին, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենք»:
- Վերահսկվող միջավայր. «Վրացական երազանք»-ի կողմից ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը «մեծ եղբայրը հսկում է» մթնոլորտը զգացում է առաջացրել:
- Ժողովրդավարական հետընթաց:
Դեկտեմբերի 23-ին «Միջազգային հանրապետական ինստիտուտը» (IRI) հրապարակեց իր վերջնական զեկույցը 2024 թվականի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և հայտարարեց. «Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները հիմնովին թերի էին»։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ևս հրապարակել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:
Տեղական դիտորդական կազմակերպությունները նշում են, որ ԵԱՀԿ զեկույցը «չափազանց քննադատական» է, և դա ևս մեկ պատճառ է Վրաստանում նոր ընտրությունների անցկացման համար։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի հրապարակումից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման լիարժեք հիմքեր են տեսնում:
«Վրացական երազանք»-ի կառավարությունն էլ հայտարարել է, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը «ճանաչում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքը և վերացնում լեգիտիմության հետ կապված կասկածները»։