Թբիլիսիի սակրեբուլոն (քաղաքային խորհուրդը) հաստատել է 2025 թվականի բյուջեի նախագիծը։ Նիստին ներկա են եղել միայն իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները, ընդդիմությունից ոչ ոք ներկա չէր։
Մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեն կազմում է 2 մլրդ 455 մլն լարի։ Այս գումարից 700 մլն լարին կծախսվի ենթակառուցվածքների, իսկ 535 մլն-ը՝ առողջապահության և սոցիալական ծրագրերի ուղղությամբ։
Թբիլիսիի սակրեբուլոն ունի 50 պատգամավոր, որից 29 մանդատը 2021 թվականի ընտրություններում ստացել է «Վրացական երազանք»-ը, 21-ը՝ ընդդիմադիր կուսակցությունները։
Այսօրվա դրությամբ «Վրացական երազանք»-ը սակրեբուլոյում ունի 28 պատգամավոր (2024-ի խորհրդարանական ընտրություններում մեկը մեծամասնական պատգամավոր է դարձել, հետևաբար՝ նրան փոխարինողն այլևս չի ընտրվել)։ Նիստին ներկա էր 27 պատգամավոր։ Բյուջեի ընդունմանն աջակցել են բոլորը։
«Միասնություն — ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար», «Ուժեղ Վրաստան» կոալիցիաների և «Վրաստանի համար» ընդդիմադիր ուժերի պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։