Նախագահը հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է եվրոպացի առաջնորդների հետ՝ ներկայացնելով նաև Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման իր առաջարկը։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Զուրաբիշվիլին զրուցել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի, Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Լեհաստանի Հանրապետության Նախագահ Անջեյ Դուդայի և Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկեվիչսի հետ։

«Վրաստանի նախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է իշխող ուժի հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին արած իր առաջարկը, որը ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է։ Առաջարկը նախատեսում է հանդիպում երկու հիմնական հարցերի շուրջ՝ համաձայնեցնելու նոր ընտրությունների ամսաթիվը և ընտրությունների պայմանների սահմանումը՝ հիմնված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին առաջարկում է փոխզիջումային երկխոսություն և համաձայնություն նոր ընտրությունների ժամկետի շուրջ մինչև դեկտեմբերի 29-ը։ Զուրաբիշվիլին ասում է, որ պատրաստ է միայնակ հանդիպել Իվանիշվիլիի հետ. Նաև, նախագահի խոսքով, կստեղծվի խորհուրդ, որի մանդատը կլինի նոր ընտրությունների նախապատրաստումը։