Հարավային Օսիան ծրագրում է մինչև այս տարվա օգոստոս Ռուսաստանի դաշնության կազմի մեջ մտնելու հանրաքվե անցկացնել: Այս մասին ասել է Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովը.
«Մենք արդեն քննարկում ենք ժամկետները, որոշակի ոչինչ ասել չեմ կարող, բայց դա տեղի կունենա շատ մոտ ապագայում` օգոստոսից ոչ ուշ»,- հայտարարել է Թիբիլովը` նաև հստակեցնելով, որ քվեարկության ընթացում հարավաօսեթական Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին հարց կլինի, ինչն էլ թույլ կտա ապագայում դիմել Ռուսաստանին` միավորվելու խնդրանքով:
Ընդ որում` պաշտոնական Ցխինվալին չին սպասում, թե ռուսական կողմը միանգամից կարձագանքի հանրաքվեի արդյունքերին.
«Ներկայում, ելնելով աշխարհում տիրող իրավիճակից` մենք չենք ցանկանում լուրջ քաղաքական ռիսկերի առաջ կանգնեցնել մեր ռազմավարական գործընկերոջը` Ռուսաստանին, ուստի եկանք այն հետևության, որ անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել գործող Սահմանադրությունում»,- հայտարարել է Թիբիլովը:
Եվրոպական և Եվրատլանտյան ինտեգրման հարցերով` Վրաստանի պետնախարար Դավիթ Բաքրաձեն, ի պատասխան այս հայտարարության, կարծիք է հայտնել, որ այսպես կոչված` Հարավային Օսիայի հանրաքվեն` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին, իրավական ոչ մի ուժ չի ունենա:
Ըստ նրա` ցանկացած այսպիսի հարցի հետ կապված` միջազգային հանրության կարծիքը մշտապես միասնական է: Ըստ Բաքրաձեի ` սա միջազգային բոլոր նորմերի և չափանիշների խախտում է, սա կլինի գործողություն, որը կիրականացվի միջազգային իրավունքի առհամարմամբ: