Նախագահը ճգնաժամից դուրս գալու երկու ելք է տեսնում

Նախագահ Սալոմե Զուրաբշվիլին հրապարակած տեսաուղերձում ասել է, որ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք է տեսնում։ Նախագահի խոսքով՝ առաջինը «Վրացական երազանք»-ի հետ երկխոսությունն ու փոխզիջումն է, մյուսը՝ մինչև ընտրություններ «ռեժիմի տապալումը»:

Սալոմե Զուրաբիշվիլին ևս մեկ անգամ կրկնել է, որ պատրաստ է հանդիպել իշխող ուժի հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին՝ քննարկելու երկրում ստեղծված ճգնաժամը։ Նրա խոսքով՝ քիչ ժամանակ է մնացել․ այդ ամենը պետք է որոշվի մինչև դեկտեմբերի 29-ը։ Հիշեցնենք՝ այդ օրը իշխող կուսակցությունը նախատեսում է նոր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։

«Մինչև դեկտեմբերի 29-ը, եթե «Վրացական երազանք»-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ապա դեկտեմբերի 29-ից հետո մենք ընտրություններին կհասնենք ռեժիմի տապալման միջոցով։ Այս ռեժիմն արդեն փլուզվում է․ ամեն օր բողոքի ակցիային միանում են հասարակության նոր շերտեր, նոր պաշտոնյաներ ու գործարարներ», — ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում։