«Վրացական երազանքը» Թրամփի հետ կապված «ավելորդ հույսեր» չունի

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Վրաստանը չպետք է «ավելորդ հույսեր» կապի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի հետ։

«Մենք պետք է ոչ հուսահատ լինենք, ոչ էլ ավելորդ հույսեր կապենք հունվարի 20-ից հետո ընկած ժամանակահատվածի համար», — դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Մդինարաձեն։

Մինչ այժմ «Վրացական երազանք»-ի առաջնորդները, այդ թվում՝ Մդինարաձեն և «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ասում էին, որ հունվարի 20-ից՝ Թրամփի երդմնակալությունից հետո, ԱՄՆ վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։

Իշխող կուսակցության առաջնորդները ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման համար մեղադրում են մտացածին «գլոբալ պատերազմի կուսակցությանը»՝ ասելով, թե 2025 թվականի հունվարի 20-ից՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից սկսած, ԱՄՆ-ի մոտեցումները կփոխվի: «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներն անմիջական շփում չեն ունեցել ԱՄՆ ընտրված նախագահի կամ նրա ապագա վարչակազմի հետ։

2024 թվականի դեկտեմբերի 1-ին Կոբախիձեն «ժամանակավոր իրադարձություն» է անվանել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը։

Դեկտեմբերի 19-ին, ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը, որը տարիներ շարունակ եղել է Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը, պատժամիջոցներ է կիրառել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ հանձնարարությունների վարչության փոխտնօրեն Զվիադ Խարազիշվիլի («Խարեբա»), Միրզա Կեզևաձեի նկատմամբ։ Նրանք երկուսն էլ ներառվել են համաշխարհային «Մագնիտսկու ցուցակում»։

Երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար լրացուցիչ վիզային սահմանափակումներ է մտցրել ավելի քան 60 անձանց, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ի կենտրոնական և մունիցիպալ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ: