Հանրայինում պահանջում են վերաբացել բանավեճերի ցերեկային ծրագիրը

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության (Pirveli ալիք) մի խումբ աշխատակիցներ հեռարձակողից պահանջում են հասարակական-քաղաքական քննարկումների համար վերաբացել ցերեկային հեռուստաեթերը։

Նրանք հեռուստաընկերության շենքի առջև հրավիրած ասուլիսում անհեթեթ են համարել տնօրինության՝ տեխնիկական խնդիրների հետ կապված պատճառաբանությունը՝ պնդելով, որ կարելի է հատուկ ստուդիա ստեղծել։

«Հեռուստաընկերությունը կանցնի արտակարգ դրության միայն այն դեպքում, եթե երկրում արտակարգ դրություն հայտարարվի։ Մնացած դեպքերում մենք պարտավոր ենք հասարակությանը տրամադրել երկրին անհրաժեշտ տեղեկատվություն` ինչպես թելադրում է օրենքը․ դա մեր պարտավորությունն է»,- ասել է հաղորդավար Վասիլ Իվանով-Չիքովանին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ից երկրում մեծ թափ ստացած բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի հանրային հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ պահանջում են արձագանքել հանրության պահանջին՝ բացել ցերեկային հեռուստաեթերը երկրի համար այս շրջադարձային և ճգնաժամային իրավիճակում։

«Ընթացիկ իրադարձությունները մեզ պարտավորեցնում են հեռուստաեթերը տրամադրել հասարակական-քաղաքական հարցերի շուրջ երկխոսությանը, բանավեճին, ոչ թե ֆիլմերին, որոնք կապ չունեն այսօրվա իրականության հետ», — հայտարարում են աշխատակիցները։

Նրանք պատրաստակամություն են հայտնում ակտիվորեն աշխատել ղեկավարության հետ՝ կազմակերպելու երկրի իրականությանը համապատասխան եթերային ծրագիրը։