ՀԿ-ներն ահազանգում են՝ ճնշումների նոր ալիք է սկսվել

Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ից ի վեր շարունակվող խաղաղ ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ իրականացվում է նաև սեփականության իրերը առգրավելու/յուրացնելու անօրինական պրակտիկա։

Հայտարարությունում նշվում է, որ ձերբակալվածների փոխանցմամբ բերման ենթարկվելիս իրենցից առգրավվել են անձնական իրեր՝ հեռախոսներ, ականջակալներ, նոութբուք, պայուսակ, տան և մեքենայի բանալիներ, նույնականացման քարտեր, դրամապանակներ և այլն։

«Բերման ենթարկված քաղաքացիների խոսքով իրավապահները պահանջել  են հեռախոսի գաղտնաբառերը։ Եղել են դեպքեր, երբ բաժանմունքում առգրավվել են բջջային հեռախոսները, սակայն ազատ արձակելուց հետո այդպես էլ չեն վերադարձրել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ ՀԿ-ների բերման ենթարկված քաղաքացիները տեղեկություն չունեն, թե երբ կստանան իրենց իրերը։

Վերոնշյալ հայտարարությունը ստորագրել է ավելի քան 10 կազմակերպություն` այդ թվում Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA), «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան»-ը, «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ»-ը և այլն։