Այստեղ տիրում է սերը. նախագահի ելույթը հանրահավաքում

«Մենք չենք վախենում, այստեղ տիրում է սերը, այստեղ տիրում է միայն խաղաղությունն ու ազատությունը», — այս խոսքերով է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին։

Նախագահն ընդգծել է, որ հավատարիմ է մնում երկրի ​​Սահմանադրությանը, որն այսօր ոտնահարում է «Վրացական երազանքը»:

«Ես հավատարիմ եմ մնում երկրին, Սահմանադրությանը, որի վրա երդվել եմ 6 տարի առաջ։ Ես հավատարիմ եմ լինելու այն բանակին, որի վետերաններն այստեղ են, պաշտպանում են Վրաստանը», — ընդգծել է Զուրաբիշվիլին։

Նախագահի ելույթը տեխնիկական խնդիրների պատճառով կիսատ է մնացել, խոսափողն անջատվել է: Հավանական է համարվում, որ տեխնիկական խափանումը միտումնավոր է եղել:

Նախագահը ասել է, որ իր խոսքը քաղաքացիներին կհասցնի տեսաուղերձով, որը կհրապարակվի վաղը՝ դեկտեմբերի 23-ին։

Հանրահավաքին զուգահեռ Ազատության հրապարակում մոբիլիզացված են ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա։ Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին։

Հիշեցնենք՝ այսօր եվրոպամետ ցույցերի 25-րդ օրն է: Բողոքի ակցիաների հիմնական պահանջներն են ձերբակալվածների ազատ արձակումն ու նոր ընտրությունների անցկացումը։