Մեր մտահոգությունները հաստատվել են. Նորվեգիան՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին

Նորվեգիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Էսպեն Բարթ Այդը նշել է՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը հաստատում է նախապես եղած կասկածները։

«Վրաստանում վերջին ընտրությունների վերաբերյալ մեր լուրջ մտահոգությունները հաստատվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված վերջնական զեկույցում․ ընտրություններն անցկացվում են խախտումներով, ժողովրդավարությունը վտանգի տակ է», — սոցիալական X հարթակում գրել է Էսպեն Բարթ Այդը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դեկտեմբերի 20-ին հրապարակել է Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը։

«Ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների և քաղաքացիական հասարակության իրավունքների վրա նոր ընդունված օրենսդրության ազդեցության, ընտրական գործընթացում ներգրավված ինստիտուտների անկախությունը թուլացնելու փորձերով և ընտրողների վրա ճնշումներով, որոնք ընտրությունների օրվա ընթացքում սահմանափակել են որոշ ընտրողների առանց վախի քվեարկելու հնարավորությունը», — գրում է ԵԱՀԿ-ն։

Զեկույցում խոսվում է քվեարկության գաղտնիության խախտման, ընտրողների վրա ազդեցության մասին։ ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ հետընտրական իրադարձություններին և հայցերին անբավարար անդրադարձ է կատարվել, ինչը սահմանափակում է իրավական մեխանիզմները։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի հրապարակումից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման լիարժեք հիմքեր են տեսնում:

«Վրացական երազանք»-ի կառավարությունն էլ հայտարարել է, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը «ճանաչում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքը և վերացնում լեգիտիմության հետ կապված կասկածները»։

Նոր ընտրությունների նշանակումը Վրաստանում երեք շաբաթից ավելի շարունակվող բողոքի ցույցերի հիմնական պահանջներից է։ Երկրորդ պահանջը վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը:

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացությունը