Հանրապետական կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, X սոցիալական ցանցում գրել է Ուիլսոնը:
Հանրապետական կոնգրեսականը նշել է՝ համաձայն է Զուրաբիշվիլիի դիրքորոշմանը, որ Վրաստանում նոր ընտրություններ նշանակելու անհրաժեշտություն կա:
Ըստ Ուիլսոնի՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամի այս փուլում Զուրաբիշվիլին երկրի միակ լեգիտիմ ղեկավարն է։
«Վրաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը կներկայացնի իրեն»,- գրել է Ուիլսոնը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Ուիլսոնը Վրաստանին առնչվող MEGOBARI Act-ի համահեղինակն է։ Հիշյալ օրենքի նախագիծը միավորում է ինչպես Վրաստանին օգնելու ծրագիրը, այնպես էլ Վրաստանում ժողովրդավարությունը խաթարողների դեմ ձեռնարկվելիք միջոցները։ Մի քանի շաբաթ առաջ Ուիլսոնը հայտարարեց, որ ակտիվորեն աշխատում է Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ, որպեսզի վերջնականապես հաստատվի և ուժի մեջ մտնի MEGOBARI Act-ը: