Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա. փորձագետներ

Վրաստանում 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը փաստում է՝ Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, քանի որ զեկույցը չափազանց քննադատական է, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրուցում ասում են փորձագետները:

Վրաստանյան դիտորդական կազմակերպությունները, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները ևս պնդում են՝ Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման լիարժեք հիմքեր են տեսնում: «Վրացական երազանք»-ի կառավարությունն էլ հայտարարել է, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը «ճանաչում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքը և վերացնում լեգիտիմության հետ կապված կասկածները»։

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ցույց է տալիս, որ վրաստանյան ընտրություններն աննախադեպ խախտումներով են անցել, ինչի պատճառով էլ չեն համապատասխանում միջազգային և ժողովրդավար ստանդարտներին:

Ըստ Թումասյանի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այն շեշտադրումը, որ իրենց մանդատի մեջ չի մտնում ընտրությունների լեգտիմության մասին որոշումը, որը պետք է կայացնի Վրաստանի ժողովուրդը, փաստում է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համար այս ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ է:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի միակ դրական գնահատականն այն էր, որ ընտրությունները տեխնիկական առումով լավ էր կազմակերպված, ինչն էլ «Վրացական երազանք»-ը փորձում է օգտագործել որպես փաստարկ, իբրև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը դրական է: Սակայն, այդ զեկույցի 95 տոկոսը միայն բացասական է և խնդիրների մասին է խոսում», — ասաց Թումասյանը:

Դեկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցում ԵԱՀԿ-ն հայտնել է, որ վերահաստատում է իր նախկին բացահայտումներն ու եզրակացությունները։ ԺՀՄԻԳ-ն ընդգծում է, որ իր մանդատի համաձայն` չի ճանաչում կամ հաստատում ընտրությունները, այլ տալիս է ընտրական գործընթացի մանրակրկիտ և անաչառ գնահատական՝ հիմնված համընդհանուր սկզբունքների և միջազգային պարտավորությունների վրա։

«Ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների և քաղաքացիական հասարակության իրավունքների վրա նոր ընդունված օրենսդրության ազդեցության, ընտրական գործընթացում ներգրավված ինստիտուտների անկախությունը թուլացնելու փորձերով և ընտրողների վրա ճնշումներով, որոնք ընտրությունների օրվա ընթացքում սահմանափակել են որոշ ընտրողների առանց վախի քվեարկելու հնարավորությունը», — գրում է ԵԱՀԿ-ն։

Վրաստանյան «Արդար ընտրություններ» դիտորդական հասարակական կազմակերպության ղեկավար Նինո Դոլիձեի խոսքով, խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀԻԳ-ի վերջնական եզրակացությունը «խիստ քննադատական» է, ոչինչ չի ասում այս ընտրությունների «ազատ» կամ «արդար» լինելու մասին: Դոլիձեն նշել է՝ 2008 թվականից ի վեր, չի հիշում նման քննադատական ​​զեկույց:

«Քննադատական ​​ասելով նկատի ունեմ, որ իսկապես, բացի 2-3 նախադասությունից, որը կարելի է դրական ընկալել, մնացածը կրկնում է այն ամենը, ինչի մասին խոսում ենք մենք՝ տեղական դիտորդական կազմակերպություններս․ եզրակացության մեջ ոչինչ ասված չէ, թե այս ընտրությունները «ազատ» կամ «արդար» էին», — ասել է Դոլիձեն։

Նրա խոսքով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը, որ իրենց մանդատը չէ ընտրությունները ճանաչելը կամ չճանաչելը, Վրաստանի ներկա համատեքստի պատասխանն է:

Ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույց է հրապարակել նաև Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI) և հայտարարել. «Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները հիմնովին թերի էին»։

«Առաքելության արդյունքների և ընտրություններից հետո տեղի ունեցող զարգացումների հիման վրա միայն նոր ընտրությունները կկարողանան վերականգնել հասարակության վստահությունը իշխանության լեգիտիմության նկատմամբ», — ասել է IRI-ի նախագահ Դենիել Թվինինգը։

Վրաստանյան ընտրություններում տեղական դիտորդական առաքելություն իրականացրած «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հիմնադիր Առնոլդ Ստեփանյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ավելի շատ համակարծիք է IRI-ի զեկույցի հետ: Նրա խոսքով, այս զեկուցում խոսվում է այն գործոնների մասին, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

Դեկտեմբերի 23-ին հրապարակված զեկույցում IRI-ն նշել է, որ առաքելությունը ընտրական գործընթացում հայտնաբերել է կարևոր և համակարգված թերություններ, որոնք կապված են չորս հիմնական խնդիրների հետ.

  • «Անհավասար պայմաններ և պետական ​​ռեսուրսների չարաշահում,
  • քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ոտնձգություն և ընտրողների սիստեմատիկ ահաբեկում,
  • ընտրական և դատական ​​ինստիտուտների պետական ​​գրավում,
  • ընտրությունների արդյունքների հրապարակային մերժում»։

Նշենք, որ ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ):

Զեկույցում ընդգծված են մի շարք հարցեր, որոնք, ըստ ԵԽԽՎ-ի՝ էականորեն խաթարել են ընտրական գործընթացի արդարությունը և կասկածի տակ դրել արդյունքների օրինականությունը: Դրանց թվում են.

  • Քվեարկության գաղտնիության խախտում, որը միջազգային դիտորդական առաքելությունները ֆիքսել են ընտրական տեղամասերի մեկ քառորդում: Այս խնդիրը, ըստ ԵԽԽՎ-ի, խաթարել է ընտրությունների ամբողջականությունը:
  • Պետական ​​ինստիտուտների քաղաքականացում, Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը՝ առանձին հասարակական կազմակերպություններին «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ հայտարարված» գրանցելու մասին:
  • «Անհավասար խաղի պայմաններ» կուսակցությունների միջև և վարչական ռեսուրսների օգտագործում «Վրացական երազանք»-ի կողմից: Նաև լրատվամիջոցների բևեռացում:
  • Ահաբեկման և ոտնձգությունների համատարած մթնոլորտ, որի թիրախը ընտրողներն ու ակտիվիստներն էին, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենք»:
  • Վերահսկվող միջավայր. «Վրացական երազանք»-ի կողմից ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը «մեծ եղբայրը հսկում է» մթնոլորտը զգացում է առաջացրել:
  • Ժողովրդավարական հետընթաց: