Եվրոպական որակի ապահովման ռեգիստրը՝ EQAR-ը (The European Quality Assurance Register for Higher Education) պաշտոնապես կասեցրել է Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի գրանցումը։
Ոլորտի վրացի մասնագետները նշում են՝ պատճառը որակի ապահովման եվրոպական ստանդարտների խախտումն է։ Կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի փորձագետների խմբի ներկայացրած գնահատման մեջ նշվում է, որ Կրթության որակի բարելավման կենտրոնը զերծ չէ քաղաքական ազդեցությունից, և որ որակի ապահովման համակարգն օգտագործվում է որպես բուհերի վրա քաղաքական ճնշման մեխանիզմ։
Փորձագետների կարծիքով՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) անդամակցության կորուստը և վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցման չեղարկումը նշանակում է, որ Վրաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգն այլևս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, ինչը բացասաբար կանդրադառնա կրթական համակարգի հեղինակության, նրա նկատմամբ վստահության և երկրի միջազգային հեղինակության վրա:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հարցի շուրջ զրուցել է Հանրակրթական հաստատությունների լիազորությունների փորձագետ, մենթոր ուսուցիչ, Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիության պրոֆեսիոնալ ուսուցիչների խորհրդատվական խորհրդի նախագահ Ռոլանդ Խոջանաշվիլիի հետ:
Ըստ փորձագետի, այս պահին ընթանում է հիմնական խնդրի քննարկման և բացահայտման գործընթաց։
«Այս խնդրին մանրամասն անդրադարձել է նաև Կրթության Որակի բարելավման ազգային կենտրոնը։ Հանգամանքները ինտենսիվ կերպով հետազոտվում են։ Վրաստանը, որպես հին քաղաքակրթության և մշակույթի երկիր, չի կարող հետ մնալ համաշխարհային հեղինակավոր կազմակերպություններից, և մենք անպայման կունենանք այն, ինչ պետք է վրացական կրթությանը»,-ընդգծում է Խոջանաշվիլին:
Ըստ Խոջանաշվիլիի, առաջ եկած խոչընդոտը լուծելու համար պետք է համապատասխան ռազմավարություն իրականացնել։
«Ոչ ոք չի ժխտի, որ կրթության որակը պետք է համալիր բարելավվի, ռազմավարական մոտեցումներ իրականացվեն»,-ասում է նա:
ԵՄ ծրագրերի համակարգող Լիկա Ղլոնտին իր ֆեյսբուքյան հարթակում նույնպես անդրադարձել է ազգային կենտրոնի անդամագրման կասեցմանը, ասելով, որ «այստեղ կարևորը ոչ միայն ինքնին փաստն է, այլև դրա պատճառը, որի մասին պետք չէ մոռանալ»:
Ըստ նրա՝ Որակի ապահովման գործակալությունները պետք է համապատասխանեն յոթ չափանիշների՝ եվրոպական կազմակերպությունների անդամ դառնալու համար: Այս ստանդարտները վերաբերում են ռեսուրսներին, ընթացակարգերին, անձնակազմի պրոֆեսիոնալիզմին և այլն:
Ղլոնտին մեջբերում է զեկույցի եզրակացությունից մի հատված, որտեղ ասվում է՝ «Մենք (EQAR-ը) հիասթափված ենք Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի կողմից անկախության ստանդարտին անհամապատասխանությունից. սա կլինի ամենադժվար շտկվող թերությունը»:
«Այս խնդիրը չի վերաբերվում մեկ իրավաբանական անձի՝ դա քաղաքական խնդիր է։ Այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե ֆորմալ ընթացակարգերի շտկմամբ»,-ասում է ԵՄ ծրագրերի համակարգողը։
Իլիայի պետական համալսարանի կրթության և քաղաքականության բնագավառում պրոֆեսոր Քեթի Ցոտնիաշվիլին BMG մեդիահարթակի հարցազրույցում անդրադարձել է հարցին, ընդգծելով․
«Բազմաթիվ խոչընդոտներ և խնդիրներ հաղթահարելուց հետո միայն՝ 2019 թվականին, Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնը կարողացավ անդամագրվել EQAR-ին. դրան նախորդել են տարբեր աշխատանքներ այն ուղղությամբ, որպեսզի ամեն ինչ համապատասխանի ռեգիստրի ստանդարտներին: Դրանից հետո սկսվեց միջազգային փորձագետների համագործակցությունը վրացի փորձագետների հետ՝ այդ թվում գնահատելու կրթական հաստատությունների աշխատանքը»:
Իսկ ի՞նչ է նշանակում EQAR-ում գրանցման կասեցումը՝
- Վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակի վստահելիությունը կասկածի տակ կդրվի, իսկ ուսանողների և շրջանավարտների կրեդիտների և դիպլոմների ճանաչումը արտերկրում կդառնա խնդրահարույց, հատկապես ԵՄ-ում և Եվրոպական միասնական կրթական տարածքի անդամ երկրներում:
- Վտանգի տակ կդրվի Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող ինչպես առկա, այնպես էլ նախատեսվող համատեղ միջազգային կրթական ծրագրերը, որոնք շրջանավարտներին շնորհում են կրկնակի գիտական աստիճան.
- Բարձրագույն կրթության միջազգայնացումը, ներառյալ միջազգային շարժունակությունը և համագործակցության այլ տեսակներ, ինչպես նաև միջազգային ուսանողների ներգրավումը, կտրուկ կվատթարանան: Սա բացասաբար կանդրադառնա ինչպես կրթության որակի, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների եկամուտների վրա։
Ցոտնիաշվիլիի խոսքով՝ սա այն կազմակերպությունն է, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրներում ստացված կրթությունն ու դիպլոմները ճանաչվեն նաև արտերկրում, ինչպես նաև կանխում է դիպլոմների և հավատարմագրերի տրամադրումը «առանց արժեքների» (կեղծ դիպլոմներ կամ հավատարմագրեր ստանալու վերաբերյալ-հեղ.):
«EQAR-ն այնպիսի կազմակերպություն է, որը ունի հստակ պահանջներ. եթե որևէ անդամ երկրի ստանդարտը չի համապատասխանում կազմակերպության արժեքներին, ապա դա հիմք է անդամակցությունը կորցնելու:
Այս ամենի հետ մեկտեղ, երբ Վրաստանը ստացավ կազմակերպության անդամության կարգավիճակ՝ պայմաններում արձանագրվեց, որ Կրթության ոլորտի բարելավման կենտրոնը չպետք է կախման մեջ լինի որևէ հանգամանքից՝ կլինի դա քաղաքական, թե այլ, պետք է կայացնի ինքնուրույն որոշումներ՝ առանց կողմնակի ազդեցության: Սակայն կրկնակի ստուգումները և գնահատումը փաստում են, որ խախտումներն անխուսափելի են եղել»,-ասում է Ցոտնիաշվիլին:
Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին ոլորտի մասնագետները տեղեկատվություն էին տարածել, որ Վրաստանի բարձրագույն կրթական համակարգը հնարավոր է կորցնի իր անդամակցությունը Որակի ապահովման եվրոպական ռեգիստրին և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) ։