Քարցեփ գյուղն ընդգրկված չէ 2025-ի գազաֆիկացման ծրագրում

Ախալքալաքի շրջանում գտնվող Քարցեփ գյուղը, որը տեղակայված է Հոկամ-Ազմանա-Քարցեփ ճանապարհային ուղու վրա, երկար տարիներ է՝ չգազաֆիկացված։ Այն գյուղի բնակիչների համար դարձել է ամենօրյա դժվարությունների մի մաս․ նրանց կյանքի որակը կրում է գազաֆիկացման բացակայության բացասական ազդեցությունը։

Գյուղացիները հիմնականում օգտագործում են վառելափայտ տները տաքացնելու համար, իսկ սնունդ պատրաստում են գազի բալոնների միջոցով։ Սակայն բալոնների գնման խնդիրն անընդհատ սրվում է, քանի որ դրանք բավականին թանկ են, և ոչ բոլորն ունեն հնարավորություն այդ միջոցից օգտվելու։

«Վառելափայտը շատ թանկ է։ Մինչև վերջերս այն ավելի մատչելի էր, սակայն վերջին տարիներին գները կտրուկ աճել են։ Ամեն տարի ավելի դժվար է դառնում վառելափայտ ձեռքբերելը»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը։

«Բալոնների գինը շատ բարձր է, ու դա դարձել է մեր ամենօրյա մարտահրավերը։ Մենք պարզապես չենք կարողանում հաճախակի գնել։ Բացի այդ, բալոնի օգտագործումն ապահով չէ․ ես հաճախ անհանգստանում եմ այդ պատճառով»,- ասում է Քարցեփ գյուղի բնակիչներից մեկը։

Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականներին Սամցխե-Ջավախքում գազաֆիկացվելու է 13 գյուղ։ Բոլոր գյուղերում այս տարի աշխատանքները կիրականացվեն նախագծերի մշակման ուղղությամբ, իսկ 2025 թվականի ընթացքում կիրականացվի գազաֆիկացումը, սակայն Քարցեփ գյուղն ընդգրկված չէ գազաֆիկացման ծրագրում։

«Ալիք Մեդիա Վրաստանը» կապ է հաստատել Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության հետ, որտեղից տեղեկացրին, որ ընկերությունը ծրագրով իրականացնում է գազաֆիկացման գործընթացը։ Նրանք նշեցին, որ այս պահին դեռևս հստակ ոչինչ չեն կարող ասել, թե երբ կգազաֆիկացվի Ախալքալաքի շրջանի Քարցեփ գյուղը։ Գազաֆիկացման ծրագիրն ընթացքի մեջ է և իրականացվում է փուլերով, ուստի հնարավոր է, որ գյուղը ներառվի գազաֆիկացման գործընթացում հետագայում։

Գյուղը, գտնվելով սահմանամերձ տարածքում, երբեմն սպասում է որոշակի առավելությունների, սակայն չի ստանում ոչ մի լրացուցիչ օգնություն։

«Մենք սահմանին մոտ ենք, բայց ոչ մի առավելություն չունենք։ Մենք չենք ստացել ոչ մի աջակցություն։ Պարզապես ասում են՝ պետք է սպասենք, բայց մենք արդեն շատ տարիներ ենք սպասում», — ասում է Քարցեփի մեկ այլ բնակիչ։

Գյուղացիները նշում են, որ նրանց խոստումներ են տվել տարիներ շարունակ, դրանք մնում են միայն խոստումներ՝ առանց որևէ կոնկրետ գործողության։

«Տարիներ շարունակ, երբ ընտրություններ են մոտենում, գալիս են ու խոստանում, բայց հետո ոչինչ չի փոխվում։ Ամեն տարի նույնը։ Որպեսզի խնդիրը լուծվի, պետք է կոնկրետ քայլեր լինեն, ոչ միայն խոստումներ։ Մենք չգիտենք, թե երբ կգա մեր խնդիրների լուծման ժամկետը։ Մինչև հիմա մենք միայն խոստումներ ենք լսել։ Մենք չենք ուզում ապրել այսպես։ Ուզում ենք, որ մեր երեխաներն ունենան բարեկեցիկ միջավայր՝ առանց անընդհատ վառելափայտով կամ բալոններով ապրելու», — ասում է գյուղի մեկ այլ բնակիչ։

Բնակիչները բարձրաձայնում են գազաֆիկացման խնդիրը՝ շարունակելով հուսալ, որ մի օր այն լուծում կստանա․ երազում են՝ իրենց գյուղը մի օր կդառնա այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլինի ապրել առանց այս ամենօրյա դժվարությունների։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան