Վախթանգ Գոմելաուրին` փոխվարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է փոխվարչապետ։ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ հրամանը ստորագրվել է այսօր՝ դեկտեմբերի 20-ին։

Այս որոշումից հետո Վրաստանը կունենա երեք փոխվարչապետ. առաջին փոխվարչապետ՝ էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլի, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանի և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրի։

Հիշեցնենք. երեկ՝ դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, որը տարիներ շարունակ եղել է Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը, պատժամիջոցներ է կիրառել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ։

Դրանից ժամեր առաջ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը նույնպես պատժամիջոցներ էր կիրառել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և նախարարության չորս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Բրիտանական կառավարությունը պարզաբանել է, որ վերոնշյալների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, որովհետև նրանք պատասխանատու են լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումների համար: