Եվրոպական խորհուրդը դեկտեմբերի 19-ի նիստից հետո հրապարակել է վերջնական փաստաթուղթը, որտեղ քննարկվում է նաև Վրաստանը։
«Եվրախորհուրդը վերահաստատում է իր խոր մտահոգությունը Վրաստանի կառավարության ձեռնարկած գործողությունների կապակցությամբ: Դրանք հակասում են այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը։ ԵԽ-ն ափսոսում է Վրաստանի կառավարության որոշման համար, ըստ որի` ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը դադարեցվում է»,-գրված է փաստաթղթում
ԵԽ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը։ Ըստ Եվրախորհրդի փաստաթղթի` Վրաստանի իշխանությունները պետք է հարգեն հավաքների և արտահայտվելու ազատությունը և զերծ մնան ուժի կիրառումից։ Բռնության բոլոր գործողությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատժվեն։
Ընդգծվում է նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին և նրա անդամակցության ուղուն, եթե վրացական իշխանությունները փոխեն իրենց ներկայիս ընթացքը։